Home / Տեսանյութեր / Սովետական ժառանգություն․ փաստաբանները՝ խնամակալության հանձնաժողովների դեմ

Սովետական ժառանգություն․ փաստաբանները՝ խնամակալության հանձնաժողովների դեմ

Հայաստանում գործող Հոգաբարձության և խնամակալության հանձնաժողովների ղեկավարները վերջերս սկսել են խնդիրներ ստեղծել փաստաբանների համար՝ խոչընդոտելով նրանց մասնակցությունը նիստերին։ Դա առիթ է հանդիսացել, որպեսզի փաստաբանները քննարկումներ նախաձեռնեն՝ առաջարկելով վերանայել այդ ինստիտուտի էությունը՝ ընդհուպ մինչև հանձնաժողովների վերացում։ Փաստաբանների պալատում առաջին քննարկումը կայացել է նոյեմբերի 4-ին։ Մոտ 30 փաստաբանի մասնակցությամբ քննարկմանը ներկա է եղել նաև Epress.am֊ի թղթակիցը։

Ինչ է անում Հոգաբարձության և խնամակալության հանձնաժողովը

Այս հանձնաժողովները կազմվում են թաղապետերի կամ համայնքների ղեկավարների կողմից և գործում նրանց ղեկավարությամբ։ Հանձնաժողովներին վերապահված է քաղաքացիական վեճերի դեպքում երեխաների խնամակալության վերաբերյալ եզրակացություն տալու գործառույթը։ Հանձնաժողովը որոշում է, թե, օրինակ, որ ծնողը պետք է ստանձնի երեխայի խնամքը, քանի ժամով և ինչ պարբերականությամբ պետք է մյուս ծնողը հանդիպի երեխային, և այլն։ Հանձնաժողովների եզրակացությունը դատարաններում քաղաքացիական գործերի քննության ընթացքում ապացույցներից մեկն է դառնում. եզրակացությունն ունի խորհրդատվական նշանակություն, սակայն փաստաբանները նշում են, որ գործերի 70 տոկոսում դատավորները, վճիռ կայացնելիս, հենվում են հենց այդ եզրակացությունների վրա։

Հանձնաժողովները՝ սովետական ժառանգություն

Երեխաների և նրանց ծնողների ճակատագրերի վրա մեծ ազդեցություն ունեցող Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներում ոչ միշտ են ներգրավում մանկավարժների և հոգեբանների։ Քննարկման ժամանակ փաստաբանները նշել են՝ բացի այն, որ հանձնաողովում թաղապետերի կողմից ընդգրկվածներից շատերը կոմպետենտ չեն, նրանք շահագրգռված չեն հետևողական կերպով զբաղվել իրենց համայնքի ընտանիքների խնդիրներով, քանի որ դրա համար գումար չեն ստանում։ Խնդիրներից մեկն էլ այն է, որ հանձնաժողովների եզրակացությունները բողոքարկման ենթակա չեն։ Բացի դա, ինչպես ընդգծել են փաստաբաններից մի քանիսը, հանձնաժողովների եզրակացությունները հաճախ այն կողմի օգտին են, որը թաղապետի «ծանոթն է»։ Փաստաբան Լիանա Բալյանը նշել է, որ այդ հանձնաժողովները «սովետական ժառանգություն» են, և խորհրդային ժամանակներից դրանց աշխատաոճը գրեթե չի փոխվել։

Հանձնաժողովի փոխարեն մասնագիտական կառույցներ ստեղծել

Հնարավոր լուծումների մասին խոսելով՝ փաստաբանների մի մասն առաջարկել է համայնքներում առանձին հաստիքներ բացել մասնագետների համար, որոնք կզբաղվեն միայն խնամակալության խնդիրներով։ Բալյանը, սակայն, ընդգծել է, որ Արդարադատության նախարարությունը նման առաջարկին հավանություն չի տվել՝ նշելով, թե գումար չկա։ Փաստաբանները, իրենց հերթին, առաջարկում են ֆինանսական հարցը լուծել հանձնաժողովի անդամի վրա ծախսվելիք գումարը դատական ծախս դարձնելով, ինչպես դատական մասնագիտական փորձաքննությունների դեպքում է արվում։

Փաստաբան Նվարդ Փիլիպոսյանն ասել է, որ հարկ է հաշվի առնել համաշխարհային փորձը․ մի շարք երկրներում երախայի խնամքի մասին խորհրդատվությունը սոցաշխատողներն են տալիս, և դա անում են ոչ թե մի քանի նիստերին մասնակցելով, այլ երեխային և ծնողներին ինչ֊որ ժամանակահատվածի ընթացքում պարբերաբար այցելելուց հետո։ Փաստաբաններից մի քանիսը համոզմունք են հայտնել, որ հարցը կլուծվի հանձնաժողովների վերացմամբ և մասնագիտական առանձին կառույցի ստեղծմամբ։ Փիլիպոսյանի խոսքով, օրինակ, արտասահմանում երեխաներին վերաբերող ամեն հարց դատարանի միջոցով է լուծվում։

Փաստաբան Հայաստան Ստեփանյանն էլ ասել է, որ մոտ 1000 համայնքներից միայն մոտ 70֊ն ունի իրավաբան, իսկ գյուղական համայնքները ունենում են 3-5 աշխատող, հետևաբար ամեն համայնքում մանկավարժի առկայությունը հեշտ չի լինի ապահովել։

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են նաև նիստերին մասնակցելու արգելքներին։ Նշվել է, որ թաղապետերը, փաստաբանին թույլ չտալով մասնակցել հանձնաժողովների նիստերին, վիրավորում են իրենց մասնագիտական արժանապատվությունը։ Մասնավորապես, նշվել է, որ փաստաբաններից մեկին թաղապետն ասել է․«Թույլ չենք տա մասնակցեք, որովհետև փաստաբանները տուն են քանդում», մեկ այլ փաստաբանի էլ ասել են․ «Փաստաբանները լարվածություն են ստեղծում կողմերի միջև»։

Քննարկման մասնակիցները որոշել են, որ պալատը պետք է դատապարտող հայտարարությամբ հանդես գա՝ կանխելու հանձնաժողովների ղեկավարների կողմից լիազորություններն անցնելը։

Նման հանդիպումները շարունակվելու են․ փաստաբանները մտադիր են առաջարկներ մշակել և շարունակել պայքարը ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար։

Լուսանկարում՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Հոգաբարձության և խնամակալության հանձնաժողովի նիստ (Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից)