Նոյեմբերի 3-ին ՌԴ Տուլայի տարածաշրջանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղով ընթացող ավտոբուսի վթարից տուժած 68-ամյա Հռիփսիմե Սերիկոնյանը այսօր առավոտյան մահացել է «Ուզլովսկայա» բժշկական կենտրոնում, հայտնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Այսպիսով, վթարի զոհերի թիվը հասել է 9-ի։
Այս պահին Ռուսաստանի հիվանդանոցներում շարունակում են բուժում ստանալ տուժածներից 11֊ը։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Ուզլովսկայա» բժշկական կենտրոնում բուժում ստացող հիվանդներից մեկը, որն ունի ողնաշարի կոտրվածք, ռեանիմոբիլով տեղափոխվել է Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ:
Բազմաբեկորային կոտրվածքներ ունեցող մեկ այլ տուժածի առողջական վիճակը վիրահատությունից հետո կայունացել է: Նա ևս այսօր ուղղաթիռով կտեղափոխվի Մոսկվա:
Վթարի հետևանքով տուժած մյուս 9 հիվանդների առողջական վիճակը կայունացել է: