Home / Հայաստան / Պուտինի այցի օրը նախագահականի դիմացից հեռացված ընտանիքի բողոքը կրկին մերժվել է

Պուտինի այցի օրը նախագահականի դիմացից հեռացված ընտանիքի բողոքը կրկին մերժվել է

Նոյեմբերի 25-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Էջմիածնի բնակիչներ Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի բողոքը, ովքեր պահանջում էին ճանաչել, որ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին բռնություն են կիրառել իրենց դեմ և ապօրինաբար են իրենց հեռացրել ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթից, որտեղ իրենք բողոքի ակցիա էին անցկացնում։

Դեռևս մայիսին ամուսինների հայցը մերժվել էր Վարչական դատարանում։ Հիմնավոր համարելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի օրը՝ 2013 թ․ դեկտեմբերի 2-ին, նախագահական նստավայրի մոտակայքում նստացույց անող Խուդոյանների ընտանիքի նկատմամբ ոստիկանության իրականացրած գործողությունները, Վարչական դատարանը հենվել էր հենց ոստիկանության պատճառաբանության վրա։ Ոստիկանությունը նշել էր, թե Խուդոյանները նախագահականի դիմացի մայթից հեռացվել էին իրենց իսկ անվտանգությունն ապահովելու նպատակով։

Իրավապահները նաև պատճառաբանել էին, որ դեպքի նախորդ օրը՝ դեկտեմբերի 1֊ի ուշ երեկոյան, անհայտ քաղաքացիներից ահազանգեր են ստացել, թե սպասվում են զանգվածային անկարգություններ և այլ անօրինական գործողություններ ՀՀ նախագահի նստավայրի, ՀՀ ազգային ժողովի և ՀՀ սահմանադրական դատարանի մոտակայքում, իսկ այցի օրն էլ՝ առավոտյան 10:20-ին, ահազանգ են ստացել, թե մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի մոտ ինքնաշեն պայթուցիկներ են տեղադրված։

Խուդոյանների ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Տաթևիկ Սիրադեղյանը, բողոքարկելով Վարչական դատարանի վճիռը, նշել էր, որ Խուդոյաններին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ են մոտեցել և պահանջել են հեռանալ մինչ ոստիկանության վկայակոչած «անհայտ ահազանգները», իսկ ինքնաշեն պայթուցիկների մասին ահազանգը պատճաաբանություն չէ, քանի որ դրանից ժամեր առաջ՝ դեռ առավոտյան 06.30֊ի սահմաններում էին Խուդոյանները բռնի ուժով հեռացվել մետրոյի կայարանի մոտից։

Իր բողոքում Սիրադեղյանն ընդգծել էր նաև, որ դատարանը չի գնահատել այն փաստը, որ Աշոտ Խուդոյանը նախագահականից մոտից հեռացվելուց հետո պահվել է Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնում, իսկ հետագայում նրա բողոքը քննել է նույն բաժինը։ Ըստ փաստաբանի՝ բողոքը պետք է հանձնվեր այլ մարմնի։ Դատարանը նաև չի ուսումնասիրել Խուդոյանների հարևանների ցուցմունքները, որոնք փաստել են, որ «Աշոտին տարել են»։

Վերաքննիչ վարչական դատարանը, սակայն, ուշադրություն չի դարձրել Սիրադեղյանի ներկայացրած փաստերի վրա և, շուրջ 5 ամիս քննելով բողոքը, մերժել է այն։ Սիրադեղյանը պատրասվում է վճիռը բողոքարկել Վճռաբեկ վարչական դատարանում։ Ոստիկանների գործողություններն անօրինական ճանաչվելու դեպքում՝ Խուդոյանները կարող են փոխհատուցման պահանջ ներկայացնել՝ իրենց ֆիզիկական և հոգեբանական վնաս պատճառելու վերաբերյալ։