Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ թողեց 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի գործով առաջին ատյանի դատարանի վճիռը։ Կյուրեղյանը որոշումը ծափողջույններով ընդունեց։
Նիստի մեկնարկին Կյուրեղյանը հայտարարել էր, որ արդարացման դատավճիռ է պահանջում։ Նախագահող դատավոր Սերգեյ Չիչոյանի դիտարկմանը, թե Կյուրեղյանի վերաքննիչ բողոքում մի շարք այլ պահանջներ էլ են ներկայացված, մասնավորապես, նշված է, որ դատավճիռը խիստ է, Կյուրեղյանը կրկնել է՝ իր պահանջը մեկն է՝ արդարացում։
Մեղադրող դատախազ Հարություն Սարգսյանը միջնորդել է Կյուրեղյանի գործով կայացրած վճիռն անփոփոխ թողել՝ հայտարարելով, որ ամբաստանյալի պահանջն անհիմն է։ Դատավորի հարցին, թե արդյոք կողմերը նոր ապացուցյներ են ցանկանում ներկայացնել, դատախազը բացասական պատասխան է տվել, իսկ Կյուրեղյանը հայտարարել է, որ կցանկանար միջադեպի օրվա աուդիո֊ձայնագրությունը ստանալ, որի ուսումնասիրությունից հետո, գուցե, պատրաստ կլինի նոր ապացույցների մասին խոսել։ Ամբաստանյալը պարզաբանել է, որ առաջին ատյանի դատարանում դատավարության ընթացքում խնդրել է ձայնագրությունը, սակայն չի ստացել այն, իսկ դատարանում այդ ձայնագրությունը ներկայացվել է այն ժամանակ, երբ ինքը հեռացված է եղել նիստերի դահլիճից։
Սերգեյ Չիչոյանը, սակայն, հարցին չի անդրադարձել։ Նա հայտարարել է, թե արձանագրում է, որ Կյուրեղյանը նոր ապացույցներ չի ներկայացրել, և հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վճիռը կայացնելու։
2014 թվականի հունիսի 12-ին քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատավարության մեկնարկին Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր դատարանի շենքի առջև տեղակայված ավտոմեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակով կրակել ոստիկանների ուղղությամբ: Կյուրեղյանը պահանջել էր ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Դատավարության ընթացքում ծրագրավորողը հրաժարվել էր պաշտպանից, սակայն, ըստ օրենքի, դատական նիստերին ներկա էր լինում Կյուրեղյանին պետության կողմից տրամադրված հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը։
Ըստ վերջինի՝ գործի նախաքննության և դատավարության ընթացքում մի շարք խախտումներ են գրանցվել, մասնավորապես, չի կատարվել առերեսում Կյուրեղյանի և տուժածների միջև, դատարանը չի քննել ոստիկանական մեքենայում Կյուրեղյանին ծեծի ենթարկելու փաստը, Կյուրեղյանը հեռացվել է դատարանի դահլիճից 10 ժամով, սակայն դատարանը թույլ չի տվել նրան նիստերին մասնակցել նաև այդ ժամկետը լրանալուց հետո:
Կյուրեղյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցիչների նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ) և 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) նախատեսված արարքները կատարելու համար։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Հայկ Կյուրեղյանին քաղբանտարկյալ է համարում։