Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Ոստիկանություն՝ ընտրական հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու դեպքի առթիվ։
Հաղորդման մեջ գրված է՝ Լոռու մարզի Կուրթան գյուղի թիվ 32/54 տեղամասի հանձնաժողովի անդամ Գայանե Թունյանը հայտնել է, որ համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանը, ով միաժամանակ հանդիսանում է ՀՀԿ կուսակցության վստահված անձ, խոչընդոտում է հանձնաժողովի աշխատանքները։ Գևորգյանն ասել է, որ դա իր տարածքն է, ինքն է ասելու`ինչպես անցնեն ընտրությունները:
«Համայնքի ղեկավարը պնդում է, որ այն դեպքում, երբ անձը գալիս է ընտանիքի անդամների անձնագրերով, պետք է քվեարկի բոլորի փոխարեն», ֊ ընդգծում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Կազմակերպությունը ոստիկանությունից պահանջում է իրավական գնահատական տալ համայնքի ղեկավարի գործողություններին: