Արդեն 3 օր հացադուլ սկսած ցմահ դատապարտյալների ծնողներն այսօր ՀՀ Կառավարության մոտ բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով ուշադրություն դարձնել հացադուլավորների 10 կետից բաղկացած պահանջներին։
Լրագրողների հետ զրույցում հարազատները հացադուլավորների հստակ թիվ չեն կարողացել նշել. նրանց տեղեկություններով, այս պահին հացադուլի մեջ է 48 կալանավոր։ Բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր կրկնել են այն պահանջները, որոնք Կառավարության շենքի մոտ բարձրացրել էին այս տարվա հոկտեմբերի 15-ին։
Սպանության համար ցմահ դատապարտված Վաղարշակ Ավետիսյանի մայրը՝ Մարինե Բադալյանը, Epress.am֊ի հետ զրույցում ասել է՝ իրենք ցանկանում են, որ գոնե լրագրողներին թույլ տան այցելել հացադուլ հայտարարած կալանավորներին և լսել նրանց պահանջները․ «Ինչի՞ են հիմա էլ տեղափոխում Հոկտեմբերյան (նորաբաց «Արմավիր» ՔԿՀ֊ խմբ․), իբր թե բարելավում են [պայմանները]։ Պայմաններից երբեք չենք բողոքել, ինչի՞ են տեղափոխում։ Մենք բոլորս դեմ ենք տեղափոխմանը, որովհետև այստեղ ավելի հարմար է գալ, ու տղաներն էլ պայմաններից չեն բողոքում։ Միլիարդներ են ծախսել, իբր բարելավել են, թող օրենքը բարելավեն, որ 4 մարդ սպանածն էլ ա նստել ցմահ, ու իմ տղայի նման մարդիկ, որոնց առաջին դատվածությունն ա ու մի մարդ են սպանել, էլի տվել են ցմահ։ Էլ չեմ ասում նրանց մասին, ովքեր չեն խոստովանել իրենց մեղքն ու անմեղ են դատապարտված։ Պետք է մարդուն հնարավորություն տան, տեսնեն՝ էդ մարդն ուղղվել ա, թե չէ»։
Դատապարտյալների հարազատները զգուշացնում են, որ եթե իրենց պահանջները շարունակեն անպատասխան մնալ, իրենք կդիմեն ծայրահեղ քայլերի։ Կանանցից մեկը, մասնավորապես, ասել է, որ ինքը պատրաստ է ինքնահրկիզման դիմել։
Կառավարությունից որևէ պատասխան չստանալով և չհանդիպելով արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ ցմահ դատապարտվածների հարազատները որոշել են իրենց բողոքի ակցիան շարունակել Ազգային Ժողովի մոտ: Ակցիայի վերջում հարազատները նշել են, որ կրկին գրավոր դիմումներ կուղարկեն Կառավարություն, Ազգային Ժողով և Արդարադատության նախարարություն, որից հետո կքննարկեն իրենց հետագա անելիքները։
Նշենք, որ ցմահ ազատազրկվածների 10 պահանջների թվում էին գործերի վերանայման, պայմանական վաղաժամկետ ազատման, մինչև 18 տարին լրանալը և զինծառայության ընթացքում կատարած հանցանքի, ցմահների ներման և համաներման հետ կապված խնդիրներ։ Առաջին հացադուլը նրանք սկսել էին հոկտեմբերին, մի քանի օր անց դադարեցրել էին այն՝ սպասելով պահանջների կատարմանը։ Քանի որ բողոքողների հիմնական պահանջները չեն կատարվել, նրանք 3 օր առաջ վերսկսել են հացադուլը։