Հայաստանը աշխարհում ռեկորդակիր է պղնձի գնից ունեցած իր կախվածությամբ: Աշխարհում թերեւս չկա այլ երկիր, որի արտահանման մոտ 30 տոկոսը լինի գունավոր մետաղների, առաջին հերթին` պղնձի հանքաքարը»։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը։
Անցած տարվա 11 ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել է 1 միլիարդ 345 միլիոն դոլարի ապրանք: Դրանից մոտ 425 միլիոն դոլարը բաժին է հասնում հանքահումքային արտադրանքին: Այլ կերպ ասած, նշվում է հոդվածում, արտահանված ապրանքների ավելի քան 31 տոկոսը հանքահումքային ապրանքներն են, հիմնականում՝ պղնձի հանքաքարը:
«Բայց ամենասարսափելին այն է, որ գնալով հանքաքարերի մասնաբաժինը արտահանման ծավալներում աճում է: Մասնավորապես, անցած տարվա նույն ժամանակահատվածում արտահանման ընդհանուր ծավալը կազմել էր 1 միլիարդ 412 միլիոն դոլար, որից միայն 340 միլիոն դոլարն էր հանքահումքային արտադրանք, կամ ընդհանուրի 24 տոկոսը», – գրում է Գևորգյանը։
Սա նշանակում է, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում հանքաքարի արտահանման մասնաբաժինը ընդհանուրի մեջ աճել է, 24 տոկոսից հասնելով 31 տոկոսի: Դոլարային արտահայտությամբ հանքաքարերի արտահանումը աճել է 75 միլիոն դոլարով: Ընդ որում, նման աճ արձանագրվել է այն դեպքում, երբ միջազգային շուկայում պղնձի գինը նվազել է: «Եթե պղնձի մեկ տոննայի գինը 2014թ. տատանվում էր 7 հազար դոլարի շրջակայքում, ապա 2015 թ. արդեն 5 հազար դոլարին մոտ էր: Այլ կերպ ասած, պղնձի գնի մոտ 30 տոկոս նվազման պայմաններում հանքաքարի արտահանումը Հայաստանից աճել է մոտ 20 տոկոսով:
Բայց դա՝ գումարային առումով: ֆիզիկական ծավալներով դիտարկելու դեպքում կպարզվի, որ, օրինակ, պղնձի հանքաքարի արտահանումը աճել է 60 տոկոսով: Հայաստանում անցած տարվա 11 ամիսների ընթացքում արտադրվել է 283 հազար տոննա պղնձի խտանյութ 2014-ի` 175 հազար տոննայի փոխարեն: Ի դեպ, հիմնականում հենց սրա շնորհիվ էլ պաշտոնական վիճակագրությունը 2015 թվականին արձանագրելու է տնտեսական աճ»։
Վերը նշված տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսությունը վճռականորեն «նստել է» պղնձի «ասեղի» վրա ու գնալով կախվածությունը այդ «ասեղից» խորանում է, ընդ որում՝ չափազանց արագ տեմպերով: Ինչի՞ դա կարող է հանգեցնել: «Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ցանկացած հանքավայր, այդ թվում՝ նաեւ գունավոր մետաղներինը, վաղ թե ուշ սպառվելու են: Նույնիսկ հանքավայրերի շահագործման այն խելահեղ տեմպով, որով դատարկվում է մեր ընդերքը, եղած «պահուստները» կբավարարեն մի քանի տասնյակ տարի:
Կա ավելի արագ իրականանալիք հեռանկար, որի հետեւանքները նույնիսկ սարսափելի է նկարագրել: Պղնձի միջազգային գինը շարունակում է սահուն նվազել, ինչը առաջին հերթին պայմանավորված է այդ մետաղի հիմնական սպառողի` Չինաստանի տնտեսական վիճակով: Բոլոր կանխատեսումներով գոնե առաջիկա տարիներին Չինաստանից եկող «ազդակները» հուսադրող չեն լինելու, այսինքն պղնձի գինը կշարունակի նվազել:
Կա գնի մի սահմանագիծ, որից ներքև իջնելու դեպքում այդ մետաղի արդյունահանումը տնտեսապես ձեռնտու չէ: Այսինքն, հանքաքարի արդյունահանումը որոշակի ծախսեր է պահանջում, և եթե այդ ծախսերը ավելի շատ են, քան պղնձի գինը, ապա հանքավայրի շահագործումը վնասաբեր է դառնում: Ըստ որոշ հաշվարկների, կախված մի քանի հանգամանքներից՝ այդ սահմանագիծը մեր հանքավայրերի համար կազմում է մոտ 3 հազար դոլար», – նշում է Գևորգյանը։