Օրերս անհայտ անձինք հարձակվել են ծրագրավորող, հասարակական ակտիվիստ Կարեն Հարությունյանի վրա և մարմնական վնասվածքներ պատճառել նրան: Այդ մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթի հետ զրույցում Հարությունյանը հաստատել է հարձակման փաստը, սակայն նշել է, որ եթե ցանկանար ավելի վաղ բարձրաձայնել դեպքի մասին, կաներ դա՝ «ուղղակի ինձ մոտ որոշ հարցեր կան դրա հետ կապված, դեռ չեմ ուզում հրապարակել»:
Այդուհանդերձ նա պատմել է, որ հարձակումը տեղի է ունեցել մի քանի օր առաջ (թերթում կոնկրետ օրը նշված չէ), երբ ինքը դուրս է եկել աշխատավայրից, իսկ պատճառները ոչ թե անձնական են, այլ քաղաքական, մասնավորապես, կապված «Ֆեյսբուք»֊ում իր ակտիվության հետ։ Հարությունյանը ենթադրել է, որ հարձակումը կազմակերպել են իրեն լռեցնելու համար, սակայն դժվարացել է ասել, թե կոնկրետ ով կարող էր դա անել։
Հարությունյանի խոսքով՝ ինքն իր ֆեյսբուքյան էջում հաճախ է գրել տարբեր մարդկանց ու թեմաների մասին: Վերջերս, մասնավորապես, նա սուր գրառումներ է կատարել Սյուզի Գևորգյանի վրա հարձակման վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
«Որ ասեմ՝ վիրավորանք բան, էդ էլ չէ… չնայած՝ ոմանք դա որպես վիրավորանք են ընկալում, բայց դե…, պատիս դրած են դրանք, չեմ էլ թաքցնում: Սեյրան Օհանյանի հետ կապված էլ որոշ թեմաների անդրադարձել եմ՝ ոչ անձնական, բնականաբար, բայց բավականին սուր քննադատություններ եմ գրել իր վերաբերյալ»:
Թերթը ենթադրում է, որ հարձակման պատճառներից կարող էր լինել ՀՀԿ֊ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի մասին կատարած Հարությունյանի վերջին գրառումները:
Պետրոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մեկ այլ օգտատերին «լակոտ» էր անվանել՝ Պաշտպանության նախարարի մասին կարծիք հայտնելու համար։ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Պետրոսյանի գրառումը, մասնավորապես, նշելով․
«Հիանում եմ այս կնոջ հայրենասիրությամբ, նա նույնիսկ հայատառ է սկսել գրել։ Շուշան շմայսագա՛հ»։