Միջազգային հանրությունը որևէ իրական քայլ չի ձեռնարկում ոչնչացման եզրին գտնվող ասորիների փրկության ուղղությամբ։ Մերձավոր Արևելքում ասորիների վիճակի թեմայով հունվարի 18֊ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Անահիտ Խոսրոևան։
Ասուլիսի մեկ այլ մասնակից, «Աթուռ» ասորական ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայլովն, իր հերթին, Հայաստանի իշխանությունների կոչ է արել ասորիների ցեղասպանության հարցը բարձրացնել միջազգային մակարդակով՝ նրանց ամբողջական ոչնչացումը կանխելու համար։
Խոսրոևայի խոսքով՝ Սիրիայի 35 ասորաբնակ գյուղերից վտարվել է շուրջ 100 հազար մարդ, որոնցից 500֊ը գերի է վերցվել։ 130 ասորի, հավելել է գիտաշխատողը, մինչ օրս գտնվում է «Իսլամական պետության» զինյալների ձեռքում, իսկ գերիների մի մասին հրապարակային մահապատժի են ենթարկել․ «Իրաքում էլ վիճակը նույնն է. Ասորիներն այնտեղ ապրում են տարրական հարմարություններից զուրկ եկեղեցիներում, փախստականների ճամբարներում»։
Խոսրոևան ուշադրություն է հրավիրել իրավիճակի վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների «զարմանալիորեն տարբերակված» քաղաքականությանը, որը չի ճանաչում քրիստոնյա ասորիների ցեղասպանությունը, մինչդեռ ճանաչում է եզդիներինը։
«Անցյալ տարվա ընթացքում 100 000 մահմեդականներ, որոնք չեն հալածվում իրենց երկրի իշխանությունների կողմից, ստացել են վիզա ԱՄՆ մտնելու համար, բայց քրիստոնյաներին չի թույլատրվում այդ երկիր մտնել»,֊ ասել է բանախոսը։
Մերձավոր Արևելքում ասորիների կյանքը բարդացնող մեկ այլ գործոն Խոսրոևան անվանել է տեղի քրդական բնակչությանը, որը ձգտում է ստեղծել «Սիրիայի և Իրաքի Քրդստան»։ Գիտաշխատողը նշել է, որ տվյալ հանգամանքի հետևանքով շատացել են բախումները ասորիների ու քրդերի միջև, որոնք փորձում են առաջիններին դուրս մղել իրենց բնակվայրից։
Ասուլիսի մասնակիցները կոչ են արել քուրդ և ասորի ժողովուրդներին դադարեցնել պայքարը միմյանց միջև ու ուժերը միացնել ընդհանուր թշնամու՝ ԻԼԻՊ֊ի դեմ։