Home / Հայաստան / Պատերազմը երրորդ` տղամարդու դեմքով

Պատերազմը երրորդ` տղամարդու դեմքով

Հեղինակ Հովհաննես Թեքգյոզյանը որպես կամավոր զինված ուժերում է ծառայել 1992-1994թթ.

Նկարները՝ Վահե Բուդումյանի

Էս էսսեն երևի չգրեի, եթե չթոթափեի լավ կատարված պարտքի զգացումը մարդկանց վզին փաթաթելու իմ զզվելի խասյաթը։

Իրականում մի շրջան անընդհատ տեսնում էի Նրան։ Էնքան հաճախ էինք հանդիպում, որ արդեն չէի ջոգում` որտեղ, ինչ հանգամանքներում է Նա աչքիս առաջ ֆռֆռում։ Հետո կորավ։ Էդ տեսակ կիսաիշմար-տարօրինակ կապերը միշտ մուղամով են կորում, ասես չեն էլ եղել։ Բայց քաքը նրանում էր, որ ես լավ չէի հիշում` էն մի անգամից բացի Նրան իրականում տեսե՞լ եմ, թե՞ աչքերս ինձնից թաքուն լևի են գնացել։

Մի խոսքով 1994-ի պատերազմոտ հունվարն էր, էն էլ՝ անոռ-անգլուխ Քարվաճառում։ Սառած վերջույթներով ու խոլոդի մեջ պահած վախերով զինվորներին շալակն առած` «Կամազը» Զոդի հանքի ծերով վեր էր մագլցում։ Էդ Սովետի զդաչի «Կամազը» չգիտեմ քանի ձիաուժ էր, բայց ամեն անգամ խոդ տալիս ընենց էր վրնջում, որ ալամ-աշխարհը իմանում էր թե որ ուղղությամբ ենք գնում։ Ինստրուկտաժի ժամանակ չկար․ «Կամազի» մեջ իրար վրա դարսված զինվորները, ականջի ծերով փախցնում էին հրամանատարի ասածները` պատերազմի հերոսությունների․ կտրված, վրեն աղ արած, բարիկադի «Էրմիտաժում» ցուցադրվող թշնամու ականջների, հակառակորդի լիլիպուտ-կապտած դիակների /ակամայից Գուլիվեր դյադյան ուսս թփթփացրեց/, մինամյոտի խույ եգո զնայեդ ո՞ր տեղից կախվող արկերի, ամպրոպի ձենին փոխարինող «գրադի» ու էս սաղից չվախենալու մասին։ Ես էլ ականջներիս ծերերի հետ աչքերս չորս արած պատմածը նկարում ու սպասում էի, սպասում․․․ Մեկ էլ՝ հոպ, «Կամազը» ստոպեց․․․ Աչքերս` էդ պատմածի սաղ անտուրաժը միանգամից տեսնելու սպասումով չռած․ թափքից թռա ու․․․

Առաջինը, ում տեսա՝ Նա էր․․․ Տարօրինակ տիպ էր, այսինքն նրանցից էր, որոնց միանգամից նկատում ես, բայց ով ու ինչ լինելը չես ջոգում։ Կարող եմ մի բան հստակ ասել, որ զինվորական համազգեստով էր, ոռն էլ՝ ոնց որ․․․ կընգա ոռ լինե՞ր․․․ Երկու անհամատեղելի բաներ։ Մի քիչ էլ մոտեցա ու․․․ Թրաշո՞վ էր, թե՞ սիգարետի ծխից էր դեմքի վրա փառ գոյացել։ Ասի բարև ու մուրազս փորս մնաց։

-Փիսո, էդ ո՞ւր ես լռվել-մնացել, արի ըսեղ։

Տասնութ տարեկան ու նուրբ։ Զարմանալի բան․ բանակը մեկ-մեկ ընենց անհամատեղելի բաներ ա հանդուրժում։ Տասնութ տարեկան-նուրբ ու․․․ կամավոր գրվեցի։ Ընդունեցին։ Շատ էի շորորուն, դրա համար էլ մի օր, չգիտեմ արդարանալո՞ւ, թե՞ երեք հարկանի շենքի վրայով ասպանդակով արագ մագլցելու համար ասացի, որ կատու եմ։ Ասի ու տուտժե անունս Փիսո մնաց։

Մի խոսքով՝ առաջինը, որ տեսա պատերազմում էդ կինն էր, կամ կնգա հետևով մեկը․․․ Իրեն մոռացա՝ չուզենալով մոռանալ։ Ասել է թե՝ համարյա ամեն օր հիշում էի, բայց տեսածիս մասին ոչ մի խոսք։ Մի անգամ լավ վառվել էի։ Էշի պես տղերքին պատմեցի սահամանին կանգնած կնոջ մասին։ Մի բուռ թուք ու մուր կերա, ձեռ առան․ յախք, զզվում եմ էդ արտահայտությունից, ձեռ առա՜ն․․․ Ձեռ առան, ձեռի վրա առան, զզվում եմ ծաղրից ու վերխ վեկալելուց, զզվո՜ւմ եմ։

-Տղերք, Փիսոն ղզղնել ա, ասենք էսի քածերից չի ղզղնի․․․

-Օղուլ, կնիկ արմա՞տ, էն էլ դիրքերո՞ւմ․․․

-Լավ, դե տղուց ի՞նչ եք ուզում․․․ Լավ էլ տղայա․․․

-Հա, լավ տղայա, մենակ թե քամակը ծակ ա․․․

Դրանց մեջ մեկը կար, որ ձեռ առնելու չեմպիոն էր։ Կծում, ճնշում, դաժե լացացնում էր։ Ու էդ պրոցեսն անընդհատ, անվերջ էր։ Մարդը ութը ժամից ավել չի աշխատում, բայց էս տղեն ո՞նց չէր հոգնում, ո՜նց էր օրական տասնութ ժամ ինձ ծաղրում ու նվաստացնում, գոնե քներ կամ զուգարան գնար։ Մականունը՝ Վան Դամ էր։ Ձիգ, նկարին հատուկ, մարմին ու հաստ շրթունքներ ուներ։

Մի անգամ մի շաբաթ էլ չկար ինչ դիրքեր էինք եկել՝ կանչեցին․

-Փիսո՜, այ Փիսո, ըստեղ նապաստակ են խփել, արի տես։

Գնացի, որ չասեն, թե արյունից վախում եմ։ Մեկ էլ․․․ Զարմանալի, ահավոր բան ա, երբ զգում ես որ քեզ հիմա, հենց հիմա ձեռ կառնեն, կկզցնեն, կստորացնեն․․․

Ո՞նց ես զգում, ի՞նչ զգայարանով, որտեղի՞ց, բայց, կյանքում երևի ամեն ինչ կտայի, որ էդ զգացողությունը կյանքում չզգայի։ Մի խոսքով երևի հասկացաք, որ ոչ մի զոհված նապաստակ էլ չկար։ Վան Դամն իր հաստ պռոշներով նայեց վրաս, ավելի ճիշտ՝ ես հայացքս նրա պրկված բերանից չէի կարողանում կտրել ու գրադեց․

-Հլը քրֆի․․․

Napastak

Չպատմեմ թե ոնց մի ժամի չափ տանջում էր, բայց չէի հանձնվում։ Չէ տղայական կոտրվել-չկոտրվելը չէր պատճառը, ուղղակի վերին աստիճան մամայի-բալայական լինելով՝ մեջս ոչ մի կերպ էդ քֆուր կոչվածը չէր մտնում։ Մի ժամ տևած քաքոտ ու զզվելի բանակային ինկվիզիցիայից հետո լացախառն գոռացի․

-Քաքեմ բերանդ․․․ Հեռացեք․․․

Մի ծիծաղ, մի հրճվանք․․․ Ծիծա՞ղ․․․ Ըտենց պայթող քրքիջ կյանքումս չէի լսել։ Ծիծաղո՞ւմ էին, թե՞ գրադն էր խփում։ Երևի՝ գրադն էր խփում, բայց ծիծաղո՞ւմ էին, գրադն ու ծիծաղը առանձին էին, անհամատեղելի։ Բայց ծիծաղում էին, երբ իրենց գրադը ինձ էր խփում, ծիծաղո՜ւմ էին․․․

․․․Նրան երկրորդ անգամ էդ համատարած, ծիծաղա-գրադային ավերածության ժամանակ տեսա։ Ոռից ճանաչեցի։ Երբ ծաղրի փշոտ խիարը կոկորդիս մեջ, լացս հազիվ զսպելով՝ դուրս եկա՝ դիմացս կանգնած ծխում էր։ Ախր շատ էր իրական։ Էդ անտեր կնիկ-արմատը կար ու հենց սահմանի վրա էր։ Լաչառ աչքերով նայեց վրաս ու․

-Փիսո, էդ ինչի՞ ես լռվել-մնացել․․․ Չգիտեի՞ր, որ պատերազմի դուխը քուչի բազառով չի որոշվում․․․

-Բա ինչո՞վ է․․․

Բերանը բացեց, որ մի բան էլ ասի, բայց չհասցրեց, հետևիցս Վանդ Դամի ձենը էլի գրադեց․

-Արա՜․․․ Լավ էլ կնգա ոռ ունի․․․

․․․Պատերազմը, առաջին հերթին, հայտնի է իր հանկարծակի հայտնվել-անհետանալով։ Տղերքի բոլոր ռոմանտիկական հովերը, աքլորանալը, տամ, տամ, տամ, տա, տամ կրակելը, լուսային ուղեծրով փամփուշտ ուղարկելը, նաչնոյով «կանաչ» դաշտերը ուսումնասիրելը միանգամից չքվեցին, երբ սնայպերը իր առաջին զոհին գտավ։ Հենց էդ վախտ դեմ առ դեմ զգացինք հակառակորդի շնչառությունը, քրտինքի հոտը, գայլային իշմար-ձայները ու անթաքույց, անընդհատ ներկայությունը։ Քաքը նրանում էր, որ էդ պահին չէիր ջոգում, թե էդ անտեր-թշնամին քանի մետր է քեզնից հեռու` մեկ, տա՞ս, թե՞ հազար․․․

Առաջին զոհը դրեցինք «Կամազն» ու․․․ Երևան։ Նրա կնիկական ոռը մի երկու անգամ հայտնվեց-անհետացավ «Գրադից» «մնացած» մշուշի մեջ։ Երկրորդ զոհին երեք օր անց Երևան տարավ նույն «Կամազը», որը մեզ սննդամթերք էր բերել։ Կնիկը շորորում, Վան Դամի պռոշները չէին դադարում շարժվել․

-Արա՜, լավ էլ կնգա ոռ ունի․․․

Երրորդ զոհը երեք օր անց դրեցինք Երևան գնացող նույն «Կամազը», նրա ֆիզիոնոմիան մշուշի մեջ աստվածուհու տեսք էր ընդունում, Վան Դամի պռոշները ռապիդով էին շարժվում․
-Ա՜րա՜ա՜ա՜, լաաաա՜վ էլ․․․

Երեք օր անց չորրորդ զոհի օրն էր, որը նույն «Կամազը» Երևան տարավ։ Նա ավելի էր մշուշոտվում, Վան Դամի պռոշներն էլ՝ կարկատվում էին։

-Էդ յոբընի «Կամազը» կլինի՞ էլ չգա․․․

Շուրջս հավաքված տղերքը էշացած վրես են նայում։ Մեկ էլ՝ մի ծիծաղ, մի հրճվանք․․․ Ծիծաղո՞ւմ էին ու գրադն էր խփում։ Չէ, գրադն ու ծիծաղը լավ էլ համատեղելի են։ Բայց էս անգամ, որ ծիծաղում էին, իրենց գրադը ինձ չէր խփում․․․

-Արա՜, Փիսոն քֆուր տվեց, արա՜․․․

․․․Էդ գիշեր ռեմ-վաշտի Օթելլոն շատ էր խմել․ հինգերորդը իր ընկերն էր՝ սպա, ռազմավարության գել, ով զոհ գնաց սնայպերին, ավելի ճիշտ՝սնայպերիստկային։

-Սաղ գիշեր չքնես, մեռելին կնայես,- անհասկանալի էր, թե ում վրա էր Օթելլոն գոռում,- կատուները դիակների վրա են գալիս, լսո՞ւմ ես, այ Փիսո, սաղ գիշեր չքնես․․․

Չքնեցի․․․ Ավելի ճիշտ, որ չքնեմ, մի հատ ռուսերեն գիրք գտա «Ռաբինյա Իզաուրան» ու սկեցի բարձրաձայն կարդալ։ Ինչքան քունս տանում էր, էնքան արագ ու բարձր էի կարդում։ Ժամը չորսի կողմերն էր, երբ դռան մոտերը խշխշոց լսեցի․ Վան Դամն էր։ Ակամայից լարվեցի․ գոնե մեռելին հարգելով իր ծաղր ու ծանակի գրադը վրես չպահի։ Նայեցի ռապիդից ճաքճքած շուրթերին, հետո աչքերս կամաց վերև բարձրացան ու․

-Գիտե՞ս,- խոսեց Նրա ձայնով,- վաղը «Կամազը» գալու ա․․․

-Գիտեմ,-պատասխանեցի մի կերպ՝ սպասելով հերթական ձեռ առնոցիին։

-Մի բան․․․ Ասեմ․․․ Կարա՞մ, էստեղ՝ քո մոտ մնալ․․․

Չիմացա ինչ ասացի։

-Իսկ ինձ հեքիաթ կպատմե՞ս․․․ Կպատմես, չէ՞․․․ Վաղը «Կամազը» էլի գալու ա․․․ Համ էլ․․․ Փիս, դու գիտեի՞ր, որ պատերազմի դուխը քուչի բազառով չի որոշվում․․․

Նայեցի։ էս անգամ աչքերս սահեցին Վան Դամի պռոշներից վերև՝ միաժամանակ չգիտեմ ինչ զգայարանով տեսնելով Նրան՝ կնոջը, ոնց որ առաջին անգամ` հստակ, մաքուր տեսա՝ սահմանի վրա կանգնած, դեմքը՝ ծխոտ ու մամռոտ։

-Կներես,- Վան Դամի աչքերը զարմանալիորեն թացացան,- կներես, հա՞, որ ամեն անգամ քեզ տեսնելիս ծաղրում էի․․․

-Անցած լինի․․․

-Չէ․․․Իրոք կներես․․․ Բառերիս համար․․․Որ տղերքի մոտ ասում էի․․․

-Կոնկրետ ո՞ր բառերիդ․․․

-Էս՝ «Լավ էլ կնգա ոռ ունի․․․»։

Տպագրվել է «Ինչպես դու» էլեկտրոնային պարբերականում