2013թ. «Էմի Ֆրութ» ՍՊԸ-ն Սևանա լճի Շորժայի հատվածում` լճի մեջ, պիլոտային ծրագրով կառուցել է ցանցավանդակային ձկնաբուծարան: Ինչպես նշում է Հայաստանի Օրհուս կենտրոնների պաշտոնական կայքը, դա Հայաստանում առաջին փորձնական ծրագիրն է, որի դրական կամ բացասական ազդեցությունը լճի էկոհամակարգի վրա մեկնարկից առաջ հստակեցված չի եղել և նախաձեռնողների ու հանրային սեկտորի, այդ թվում՝ անկախ փորձագետների միջև բազում տարաձայնություններ կան առ այսօր: Հանրային քննարկումներն այս հարցի շուրջ չեն տվել հստակ պատասխան կամ մասնագիտական գնահատական:
Բնապահպանական կազմակերպության կայքն ընդգծում է, որ հանրային լսումների ընթացքում բիզնես պլանն իրականացնող կազմակերպության և «ՍԵՎԱՆ ԱՊ» Պետական ոչ առևատրային կազմակերպության (ՊՈԱԿ) ներկայացուցիչները հանրությանը հավաստիացրել են, որ ձկնաբուծարանի շահագործումից հետո յուրաքանչյուր օր լճում տեղադրված ժամանակակից չափիչ սարքավորումները կտան այդ հարցերի բոլոր պատասխանները:
««ՍԵՎԱՆ ԱՊ» ներկայացուցիչը Երևանի Օրհուս կենտրոնում կայացած նախագծի առաջին հասարակական լսումների ժամանակ նույնիսկ հավաստիացրել էր, որ անձամբ կհետևեն չափումների ընթացքին, և Սևանա լճի էկոհամակարգի համար վնաս ներկայացնող նույնիսկ փոքր շեղումների դեպքում կդադարեցվի տվյալ գործունեությունը:
Չնայած պիլոտային ծրագրին հատկացված ժամկետն ավարտվել է, վերոնշյալ տվյալներն առ այսօր չեն հանրայնացվել: Ավելին` նշված ծրագրի իրականացման պայմանագրի ժամկետը երկարացվել է:
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը` դեռևս անցած տարվա հունիսին Գավառի Օրհուս կենտրոնը դիմել էր Բնապահպանության նախարարություն` լճի էկոհամակարգի վրա ծրագրի ազդեցության մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու խնդրանքով: Պատասխան էր ստացվել, որ նախարարությունն իրականացրել է միայն հիդրոքիմիական մոնիթորինգ Մեծ Սևանի տարածքում, և, որ նմուշառումներն իրականացվել են 2015թ. մայիսին ու դեռևս ուսումնասիրման փուլում են:
Կենտրոնը 2015թ. հոկտեմբերի 30-ին դիմել էր «ՍԵՎԱՆ ԱՊ» ՊՈԱԿ-ի տնօրենին` կրկին մոնիթորինգի արդյունքների մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու համար: ՀՀ օրենսդրությամբ և Օրհուսի կոնվենցիայով սահմանված ժամկետներում չստանալով պատասխան` կենտրոնի համակարգողը կրկնակի հարցում է արել ՊՈԱԿ-ի տնօրենին` ի վերջո պահանջվող տեղեկատվությունն ստանալու ակնկալիքով», ֊ նշում է Հայաստանի Օրհուս կենտրոնների կայքը: