Հեղինակ՝ Շահին Ռզաև
Աղբյուրը՝ jam-news.net
[․․․] Դե ինչ, դիտարկենք մի սցենար (հայ ընթերցողի տեսանկյունից, միգուցե, ֆանտաստիկ, իսկ ադրբեջանցու տեսանկյունից՝ դավաճանական), համաձայն որի Լեռնային Ղարաբաղն ու հարակից բոլոր շրջանները վերադառնում են Ադրբեջանի կազմ։
Ադրբեջանում, եթե օբյեկտիվ սոցիոլոգիական հարցում անցկացնենք, կարծում եմ, որ բնակչության մեծամասնությունը «ինչպե՞ս Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանի կազմ» հարցին կպատասխանի՝ «միայն ռազմական ճանապարհով»:
Այո, սա ռևանշիզմ է։ Վրեժխնդրության նույնպիսի ծարավ, որ տիրում էր Գերմանիայում Վերսալից հետո։ Վերսալի համաձայնագիրը Եվրոպայում խնդիրները չլուծեց․ այնպես, ինչպես բիշքեկյան ու կազիմիրովյան համաձայնագրերը չլուծեցին Ղարաբաղի խնդիրը, այլ պարզապես հետաձգեցին դրա լուծումը։
Այլ հարց է, թե որքանով է իրական Ղարաբաղը ռազմական ճանապարհով վերադարձնելը։ Միայն հիմարն է սեփական սխալների վրա սովորում։ Խելացին կնայեր հարևանի սխալին, այս դեպքում՝ Վրաստանի, որն ունի նմանատիպ տարածքային խնդիրներ ու դրանք պատերազմական ճանապարհով լուծելու փորձ։
Չեմ կարծում՝ Ստեփանակերտում/Խանքենդիում դրոշներ բարձրացնելը կլուծեր խնդիրը։ Ինչպես չլուծեց Ադրբեջանի յոթ շրջանների գրավումը։ Տարածքի գրավումը, որպես հակառակորդին ճնշելու միջոց, մնացել է 19֊րդ դարում։ Հետևաբար, եկեք իսկապես ֆանտաստիկ սցենարի վրա ժամանակ ու կիլոբայտեր չծախսենք ու տեսնենք՝ ինչ կլինի, եթե փորձենք Ղարաբաղը վերադարձնել խաղաղ ճանապարհով։
Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղին առաջարկում են «ամենալայն ինքնավարություն» Ադրբեջանի կազմում։ Այդ «ամենալայն ինքնավարության» բովանդակությունը մինչ օրս չի բացահայտվել, սակայն բանակցությունների ու ճեպազրույցների ընթացքում համեմատության եզրեր են տարվել Թաթարստանի, Տրիեստի և Ալանդյան կղզիների մոդելի ինքնավարությունների հետ։
Նշված բոլոր մոդելներից «ամենալայնը» Ալանդյան կղզիների ինքնավարությունն է։ Այդ մոդելը քննարկվում էր 90֊ականների վերջին։ Պատկերացնենք՝ կողմերը համաձայնության են եկել ու Լեռնային Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում՝ Ալանդյան տիպի ինքնավարության պայմանով։
Ի՞նչ է դա նշանակում․
Լեռնային Ղարաբաղը վետոյի իրավունք կունենա Ադրբեջանի բոլոր միջազգային պայմանագրերի նկատմամբ։ Ենթադրենք, վաղն Ադրբեջանը ցանկանում է որևէ միություն կազմել Թուրքիայի հետ։ Առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության այն նման բան անել չի կարողանա։ Դա մեզ պե՞տք է։
Հայոց լեզուն կդառնա երկրորդ պետական լեզուն։ Յուրաքանչյուր էթնիկ հայ իրավունք կունենա Ադրբեջանի պետական մարմիններ դիմում ներկայացնել հայերենով ու պատասխան պահանջել նույն լեզվով։ Մենք դրան պատրա՞ստ ենք։
Բաքվի կենտրոնում՝ ամենագեղեցիկ շենքերից մեկում (հավանաբար, հայ ճարտարապետների կողմից կառուցված, քանի որ դրանք Բաքվում շատ են), կբացվի ԼՂՀ ներկայացուցչություն (արդեն առանց չակերտների)՝ զինանշանով ու դրոշով։ Իսկ Միլլի Մեջլիսում կլինի քվոտա ԼՂՀ հայկական մեծամասնության համար։ Իշխանությունները, չգիտես՝ ինչու, այս ամենի հնարավորության մասին չեն խոսում։
Ի դեպ, դրոշի, զինանշանի ու չակերտների մասին։ Անձամբ ինձ համար այդ ամենը նորմալ է։ Եթե նույնիսկ ֆուտբոլային թիմն ունի իր զինանշանը, դրոշն ու օրհներգը, ապա ինչո՞ւ չպետք է ունենան առանձին ու, հատկապես, ինքնավար շրջանները։ Թող Նախիջևանի Հանրապետությունն էլ առանձին դրոշ ու օրհներգ ունենա։
Բազմաթիվ ադրբեջանցի հեղինակներ կտրականապես դեմ են ԼՂՀ հապավմանը՝ «ի՞նչ հանրապետություն մեկ այլ հանրապետության կազմում»։ Առաջին հերթին, արդեն իսկ կա Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Երկրորդը, ինչպես ասում էր իմ առաջին խմբագիրը՝ Զարդուշտ Ալիզադեն, թող թեկուզ Լեռնային Ղարաբաղի Կայսրություն կոչվի, միայն թե այնտեղ գործեն Ադրբեջանի Հանրապետության օրենքները։
Հաջորդ արդյունքը․ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, ենթադրենք, Մադրիդյան սկզբունքների հիման վրա, փախստականներն իրավունք կունենան վերադառնալ իրենց հայրենի քաղաքներ ու գյուղեր։ Արդյո՞ք Բաքվի ու Գյանջայի հասարակությունը պատրաստ է ընդունել տասնյակ հազարավոր հայերի։ Այսօրվա դրությամբ՝ միանշանակ ոչ։ Ու ոչ ոք նույնիսկ չի էլ խոսում դեպքերի նման զարգացման հնարավորության մասին։
Հայաստանյան ԶԼՄ֊ները հաճախ Ադրբեջանին մեղադրում են հայատյացության մեջ։ Կարելի է, իհարկե, զուգահեռներ անցկացնել Հայաստանում տիրող թուրքատյացության հետ, բայց դա արդեն մեկ այլ հոդվածի թեմա է։ Այժմ միայն կասեմ, որ Ադրբեջանում հայատյացությունն իսկապես առկա է ու այն կարելի է հասկանալ։ Ադրբեջանի զգալի տարածքներ մինչ օրս բռնագրավված են, իսկ այդ տարածքներից փախստականներն ապրում են կատարյալից հեռու պայմաններում։ Ադրբեջանը դեռևս պատերազմն ավարտված չի համարում։ Իսկ հիմա պատկերացնենք, թե այդ ֆոնի վրա Բաքու են վերադառնում հայեր։ Իսկ նրանք, իմիջիայլոց, ապրում էին քաղաքի կենտրոնում՝ «հեղինակավոր» տներում։ Փոքրիկ կայծն անգամ բավական կլինի միջէթնիկ բախումների վերսկսման համար։ Դա մեզ պե՞տք է։
Ելնելով վերը նշվածից՝ թույլ տվեք եզրակացություն անել․ ոչ ներկա դրությամբ, ոչ մոտ ապագայում չեմ տեսնում Լեռնային Ղարաբաղը խաղաղ կամ պատերազմական ճանապարհով Ադրբեջանի կազմ վերադարձնելու հեռանկարներ։ Դրանում շահագրգռված չեն Հայաստանի իշխանությունները (ստացել են ցանկացածից նույնիսկ ավելին, ինչո՞ւ պետք է վերադարձնեն) , դրանում շահագրգռված չեն Ադրբեջանի իշխանությունները։ Նրանց ինչի՞ն է պետք գլխացավանքը կամակոր հայերի տեսքով՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների, Բաքվի ու Գյանջայի նախկին հայ բնակչության, որոնք անընդհատ խոսելու են մարդու իրավունքների մասին ու բողոքելու միջազգային կառույցներին։ Իսկ նստեցնել նրանց, ինչպես սովորական ադրբեջանցիների, չեն կարողանա, քանի որ բոլորը նրանց հետևելու են նույնիսկ ոչ թե խոշորացույցով, այլ՝ մանրադիտակով: Դրանում շահագրգռված չէ նաև տարածաշրջանի գլխավոր քաղաքական և ռազմական ուժը՝ Ռուսաստանը: Այս հակամարտության շնորհիվ, որը երկու կողմերին ճնշելու հիանալի լծակ է, այն կողմերին պահում է իր ազդեցության գոտում։
Ո՞րն է ելքը։ Կարծում եմ, որևէ արհեստական ստիպողականություն կարող է հակամարտությունը մեռած տեղից շարժել։ Պետք է ընդհանուր շահեր հասունանան։ Դա կարող են լինել տնտեսական շահեր, մերձեցում ընդհանուր թշնամու պարագայում, կամ որևէ հնարավոր աշխարհաքաղաքական դիվիդենդներ։ Օրինակ, Ֆրանսիան ու Գերմանիան 70 տարվա ընթացքում երեք արյունահեղ պատերազմ են անցկացրել։ Ընդհանուր տնտեսական շահերը, սակայն, ու կոմունիստական վտանգը նրանց թույլ են տվել մտերմանալ, և այսօր այդ երկու պետությունները Եվրամիության հիմքն են։ Կամ դիտարկենք Հյուսիսային Կիպրոսի օրինակը։ Հարավային Կիպրոսի անդամակցումը Եվրամիությանը խթանեց պառակտված կղզու բնակչության մերձեցումը։ Ներկայում հյուսիսային հատվածից հարավային հատված անցնելը պարզ ձևականություն է, իսկ նախկինում նման բան անգամ պատկերացնելն անհնար էր։
Իսկ ի՞նչ ընդհանուր շահ կարող է մերձեցնել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական ու հայ համանքներին։ Եթե խոսենք տնտեսական նախագծերի մասին, ապա դա ջրային ռեսուրսների օգտագործումն է։ Օրինակ, Սարսանգի ջրամբարը, որը գտնվում է հայական կողմի վերահսկողության տակ, կարող է մոտակա ադրբեջանական շրջաններին ոռոգման ջուր մատակարարել։ Բնականաբար, ինչ֊որ բանի դիմաց։ Ընդհանուր թշնամու մասին մտածել չեմ ուզում, բայց նման թշնամի կարող են լինել հարևան երկրները, որտեղ համերաշխ կերպով կողք կողքի ապրում են ադրբեջանցի ու հայ փոքրամասնությունները։ Եթե այդ երկրներում իշխանության գան ծայրահեղ ազգայնականները, ապա նրանք հավասարապես կճնշեն թե մեկին, թե մյուսներին՝ ստիպելով ժողովուրդներին համախմբվել։
Իհարկե, ԼՂՀ֊ն ինքնավարության իրավունքով Ադրբեջանի կազմ վերադարձնելու համաձայնագրի պայմաններն ու կետերը կարող են քննարկման առարկա դառնալ: Խոսքը, սակայն, տարածաշրջանի ապագա դասավորվածության մոդելի մասին չէ: Խոսքը երկու կողմերի քաղաքական վերնախավերի կամքի ու ցանկության բացակայության ու հասարակության՝ համատեղ խաղաղ կյանքին պատրաստ չլինելու մասին է։ Իսկ դա կարող է փոխվել միայն երկու երկրների հետևողական ժողովրդավարացման միջոցով։ Հակամարտությունները պետք ենք բռնապետություններին։ Ժողովրդավար երկրները միմյանց հետ չեն պատերազմում։