Գյումրիի բնակիչ Ա․Մ․֊ն պնդում է, որ ամիսներ շարունակ հետապնդումների է ենթարկվել ոստիկանության կողմից, սակայն դրա համար ոչ ոք չի պատժվել։ Իր խնդիրների մասին քաղաքացին տեղեկացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին։
Նա պատմել է, որ ինքը բերման է ենթարկվել Գյումրիի ոստիկանության «Մուշ» բաժին 2015 թ. ապրիլի 20-ին և պահվել այնտեղ 3 ժամ: Նրան հարցաքնելուց հետո ազատ են արձակել և տրամադրել դատաբժշկական փորձաքննություն անցնելու վերաբերյալ ուղեգիր: Ոստիկանության աշխատակիցները պատճառաբանել են, որ նրա նկատմամբ իրականացրած քննչական գործողությունները կապված են 2015 թ. ապրիլի 18-ին Գյումրիում տեղի ունեցած սպանության հետ:
Ա․Մ․֊ի հավաստմամբ՝ ոստիկանությունում իրենից վերցրել են անձնագիրը՝ խոստանալով հաջորդ օրը վերադարձնել, սակայն մոտ 8 ամիս անձնագիրը չեն տվել։ 2015 թ. հունիս-հուլիս ամիսներին նրան կրկին բերման են ենթարկել, այնուհետև խուզարկություններ կատարել իր և իր հարազատների բնակարաններում, առգրավել արժեքավոր իրեր, որոնք ևս հետ չեն վերադարձվել:
Քաղաքացին ասել է իրավապաշտպաններին, որ իրեն, առանց կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունենալու մասին տեղեկություն հայտնելու, ամիսներ շարունակ ոստիկանների կողմից ենթարկվել է անօրինական հետապնդումների, անհիմն հարցաքննությունների, որոնք ուղեկցվել են արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքով: Նա նաև հավաստիացրել է, որ իրեն առաջարկել են ստանձնել հանցագործության կատարման մեղքը՝ փոխարենը խոստանալով 5 տարով արտերկիր ուղարկել:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը եզրակացնում է, որ ոստիկանության աշխատակիցները չարաշահել են օրենքով տրված լիազորությունները՝ թույլ տալով Քրեադատավարական օրենսգրքի մի շարք խախտումներ՝ վկայի կարգավիճակ ունեցող անձին ենթարկելով օրենքով չսահմանված փորձաքննությունների, առգրավելով նրա փաստաթղթերը և անձնական այլ իրեր:
Իրավապաշտպան կազմակերպությունը դեպքի վերաբերյալ 2015 թվականի դեկտեմբերի 8-ին դիմում է ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազությանը և ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել հանցագործություն կատարած անձանց, միջոցներ ձեռնարկել Ա. Մ.-ի խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատասխան գրություն է ստացել 2016 թվականի հունվարի 25-ին ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունունից, որն ընդունել է, որ իրավասու մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են անհիմն, սակայն հայտնել է, որ կարգապահական խախտում թույլ տված աշխատակցի նկատմամբ կարգապահական տույժ չի կիրառվելու, որովհետև դա եղել է այդ աշխատակցի կողմից նման խախտման առաջին դեպքը, և ղեկավարությունը նրան դրական է բնութագրում:
Ա․Մ․֊ին վերադարձրել են անձը հաստատող փաստաթղթերը և վստահեցրել, որ ՀՀ տարածքից դուրս գալու դեպքում ոչ մի խնդիր չի առաջանա, սակայն խնդիրներն այդքանով չեն ավարտվել։ Երբ քաղաքացին արտագնա աշխատանքի մեկնելու համար ցանկացել է լքել երկիրը, նրան օդանավակայանում բերման են ենթարկել ոստիկանության «Զվարթնոցի» բաժին և ստիպել, որ պարտավորագիր ստորագրի՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ներկայանալու համար:
«Ա. Մ.-ը պարզել է, որ պարտավորագիր ստորագրելու պատրվակով իրավապահները ցանկացել են հոգեբանական ճնշում գործադրել նրա վրա, որպեսզի վերջինս հրաժարվի ոստիկանների անօրինական գործողությունների վերաբերյալ իր բողոքից:
Արդյունքում՝ քաղաքացի Ա. Մ.-ը, սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում չունենալով որևէ կարգավիճակ, իրավապահ մարմինների կողմից անհիմն հետապնդումների է ենթարկվել, որի արդյունքում խախտվել են նրա մի շարք իրավունքներ, մասնավորապես՝ սահմանափակվել է նրա ելքը ՀՀ տարածքից, նվաստացվել է նրա և նրա ընտանիքի անդամների արժանապատվությունը, վերջիններս գտնվել են մշտական վախի և տագնապի մթնոլորտում», ֊ եզրակացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: