ՀՀ ֆինանսների նախարարությունը կանխատեսել է, որ այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները կարող են թերակատարվել մինչև 15 տոկոսով։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Թերթը նշում է, որ դա ռեկորդային ցուցանիշ կլինի։
«Սա պայմանավորված է տարվա առաջին ամսվա ընթացքում արձանագրված մի քանի ցուցանիշներով։ Պաշտոնապես դեռ չի հրապարակվել, բայց հունվարին կտրուկ նվազել են ՌԴ֊ից ստացվող մասնավոր տրանսֆերտները, մանրածախ առևտրի ծավալը և այլն։ Բայց բյուջեի հարկային եկամուտների նվազման պատճառներից մեկը լինելու է հանքարդյունաբերական ձեռնարկությունների հարկերի կտրուկ նվազումը։ Բանն այն է, որ դրանցից մի քանիսը անցած տարի գերավճարներ են կատարել և այս տարվա սկզբին չեն վճարելու։ Ընդ որում, նույնիսկ այդ գերավճարների պայմաններում հարկային եկամուտները 2015-ին թերակատարվեցին 80 մլրդ դրամով», – տեղեկացնում է «ՀԺ»-ն։