Հայաստանի բանակն իր հզորությամբ 1 տեղով առաջ է Վրաստանից և 10 տեղով հետ է Ադրբեջանից, վկայում է Global Firepower կայքի հրապարակած աշխարհի պետությունների բանակների վարկանիշային աղյուսակը։
Ընդհանուր առմամբ 126 երկրների «ռազմական հզորության ցուցիչը» կազմելու նպատակով մասնագետներն ուսումնասիրել են 50֊ից ավել չափորոշիչներ, այդ թվում՝ տնտեսական ու ռեսուրսային գործոններ, բնակչության, զինվորական անձնակազմի թվաքանակը, զինամթերքի, ցամաքային ու օդային ռազմական տեխնիկայի ներուժն ու քանակը, և այլն։ Զեկույցը հաշվի չի առել պետությունների միջուկային ներուժը, դեպի ծով կամ օվկիանոս ելք չունեցող երկրներում նավատորմի բացակայությունը։
Հայաստանի բանակը աղյուսակում զբաղեցրել է 74-րդ հորիզոնականը՝ 1.8231 հզորության ցուցիչով։ Վրաստանի Զինված ուժերն հայտնվել են 75-րդ տեղում, Ադրբեջանինը՝ 64-րդ:
Աղյուսակում առաջատարը Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակն է։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ռուսաստանի բանակը, երրորդը՝ Չինաստանինը։ Թուրքիայի ԶՈՒ֊ն եզրափակում է առաջատար տասնյակը, իսկ վերջին՝ 126֊րդ հորիզոնականը բաժին է հասել Սոմալիի բանակին։