Երեկ Լեռնային Ղարաբաղում զոհված ազգությամբ եզդի զինծառայող Թեմուր Շարիի Սլոյանը միակողմանի ծնողազուրկ էր և բնորոշվում էր որպես դրական երիտասարդ: Այս մասին տարածած հաղորդագրության մեջ հայտնում են «Եզդիների ազգային կոմիտե» կազմակերպությունը և «Շամս» մարդասիրական ՀԿ֊ն՝ հույս հայտնելով, որ գործի քննությունը կանցնի թափանցիկ ու անաչառ:
Համաձայն նախաքննության վարկածի, փետրվարի 19-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկի զինվոր Թեմուր Սլոյանը իրեն ամրակցված գնդացրից կրակել է իր ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Կամո Հովհաննիսյանի դեմքին։ Ստացած վնասվածքից Հովհաննիսյանը տեղում մահացել է, որից հետո Սլոյանը ինքնասպան է եղել՝ կրակելով գլխին։ Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել սպանություն և ինքնասպանությանը հասցնել հոդվածների հատկանիշներով։
ArmLur.am կայքը զրուցել է զորամասի հրամանատար Սերյոժա Շաքարյանի հետ, ով հայտնել է, որ միջադեպի պատճառը եղել է զինվորներից մեկի դիրքը լքելն է եղել․ «Դեպքը եղել է դիրքերում, տղաներից մեկը պոստը լքել իջել է ներքեւ, մյուսը հարցրել է, թե ինչու ես իջել, նա էլ պատասխանել է, թե լավ եմ արել ու եղել է այն ինչ մասին արդեն բոլորը գիտեն»:
Սակայն կայքը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ իրականում տղաների միջև շաբաթներ առաջ զորամասի մաքրության հետ կապված լուրջ տարաձայնություն է եղել, որը նրանց մեջ լուրջ նստվածք է թողել, և դա էլ, ըստ էության, դիրքերում դաժան հանգուցալուծման հետևանք է դարձել։