Քաղբանտարկյալ, ինժեներ, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին արդեն 2 օր է իր խցում խոշտանգումների է ենթարկվում: Այս մասին Epress.am–ի հետ զրույցում ասել է Վարդգես Գասպարիի փաստաբան Տիգրան Եգորյանը:
Փաստաբանը նշել է, որ փետրվարի 19-ին կալանավորված Գասպարին արդեն 2 օր է հացադուլ և ջրադուլ է հայտարարել, սակայն «Նուբարաշեն» ՔԿՀ֊ի վարչակազմը միայն երեկ է արձանագրել դա. «Նրան միանգամից չեն տեղափոխել համապատասխան խուց, որպեսզի գտնվի բժշկական վերահսկողության ներքո: Նրա հանդեպ նաև բռնություններ են գործադրվում. նրան ծեծում են, սեռական բնույթի հայհոյանքներ են հասցնում, վրան սառը ջուր լցնելու և այլ անմարդկային վերաբերմունքի միջոցով խոշտանգումների են ենթարկում քրեական տարրերը, որոնք կոնտակտի մեջ են ՔԿՀ ղեկավարության հետ: Սա շատ հրատապ խնդիր է, և պետք է քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների միջոցով բարձրաձայնել այն, որպեսզի արագ դադարեցվեն այս խոշտանգումները»:
Եգորյանն ընդգծել է նաև, որ խցակիցները Գասպարիին ասել են․ «Դու ստեղից կենդանի չես պրծնի», իսկ քաղբանտարկյալի բողոքները ՔԿՀ֊ի ղեկավարությանն անպատասխան են մնացել։ Գասպարիի պաշտպանը նշել է, որ կալանավորվածը դիմում է ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Զարուհի Փոստանջյանին, Արամ Մանուկյանին, Լևոն Զուրաբյանին, Հրանտ Բագրատյանին և Թևան Պողոսյանին` խնդրելով միջամտել խափանման միջոցի փոփոխության (երաշխավորագրերի միջոցով) և իր նկատմամբ կիրառվող ճնշումների կանխման հարցում:
Փաստաբանի փոխանցմամբ՝ այսօր Գասպարիին տեղափոխել էին Նորքի հոգեբուժարան, որպեսզի դատաբժշկական հետազոտության ենթարկեն, սակայն քաղբանտարկյալի պաշտպանների միջնորդութամբ հետազոտությունը հետաձգվել է։
«Մեզ չէին տրամադրել փորձաքննության հանձնաժողովին հանձնված նյութերը։ Հետազոտության նշանակման մասին որոշումը մեզ տրամադրվել է փորձաքննությունը սկսելուց մի քանի րոպե առաջ, երբ բողոքարկելու հնարավորություն մենք չունեինք», ֊ ասել է Եգորյանը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով Գասպարիին այցելել է հոգեբուժարանում, Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ քննիչը քաղբանտարկյալին հետազոտության համար հոգեբուժարան տեղափոխելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Գասպարին նրան ասել է, թե կպատասխանի հարցերին այն դեպքում, եթե իմանա, թե արդյոք վերջինս ներգրավված է եղել Մարտի 1-ի հանցագործությունների հետ կապված գործերում։
«Քննիչը այդ հարցը որակել է որպես մտահոգող խնդիր Գասպարիի հոգեկան վիճակի վերաբերյալ», ֊ նշել է Սաքունցը:
Իրավապաշտպանն ասել է, որ Վարդգես Գասպարին գտնվում է ծանր վիճակում, առողջական խնդիրներ ունի և հոգեբուժարանում հազիվ է կարողացել ոտքի վրա կանգնել:
Մոտ 1․5 ժամ առաջ Գասպարիին հոգեբուժարանից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նույն խուցը, որտեղ վերջինիս հանդեպ բռնություններ էին գործադրվել։
Գասպարիի փաստաբանները խնդրի առնչությամբ դիմել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահին՝ խնդրելով, որ վերջինս անմիջապես կապ հաստատի Հայաստանի Կառավարության հետ և խոշտանգումները դադարեցնելու պահանջ ներկայացնի։
ՄԻՊ գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Ռոնա Ահարոնյանը մեզ հետ զրույցում նշել է, որ իրենք ստացել են Գասպարիի փաստաբանների ահազանգը և այս պահին իրենց ներկայացուցիչներն արդեն գնացել են «Նուբարաշեն» ՔԿՀ:
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է՝ առանց նախապես զգուշացվելու:
Նա մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցիչների և դատական նիստը նախագահող դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ:
Մի շարք տեղական իրավապաշտպան կազմակերպություններ հայտարարությամբ են հանդես եկել՝ պնդելով, որ Գասպարիի կալանավորումն ապօրինի է և քաղաքական պատճառներ ունի։