հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Ռոմեո և Ջուլիետ» vs «Ռոմիկ ու Ջուլիկ»․ Արտակ Վարդանյան

«Ռոմեո և Ջուլիետ» vs «Ռոմիկ ու Ջուլիկ»․ Արտակ Վարդանյան

Հեղինակ՝ Արտակ Վարդանյան, լրագրող, հաղորդավար

Հոդված՝ «Ռոմեո և Ջուլիետ» vs «Ռոմիկ ու Ջուլիկ»

2015-ին Հայաստանում մոտ 4000 ռոմեոներ թողել են իրենց ջուլիետներին: Վիճակագրության լեզվով ասած՝ 4000 զույգ ամուսնալուծվել է: Մեզանում ապահարզանի են դիմում մեկից չորս տարվա ամուսնացածները:

Չնայած սերն ու ամուսնությունը, ինչպես ասում են, մութ անտառ է, բայց ամուսնալուծությունների «գիտակները» վստահեցնում են, թե բաժանությունների մեծ մասը սոցիալական ակունքներ ունի: Կուպիդոնի նետերն այնքան էլ ուժեղ չեն խոցում սիրահարների սրտերը: Ամուսնանալով՝ նրանք սկսում են չհասկանալ միմյանց, չեն կիսում դժվարությունները եւ արդյունքում՝ կորցնում են այն, ինչն իրենք համարում էին հավերժ՝ սերը:

Մեր հարեւանն, օրինակ, արդեն վեց տարի ամուսնալուծված է: Մի շրջան անընդմեջ զուգահեռներ էր անցկացնում իր անհաջող, ողբերգական սիրո եւ Ռոմեոյի ու Ջուլիետի պատմության միջեւ: Իհարկե, նա օբյեկտիվ դրվագները միշտ չէ, որ հաշվի էր առնում: Ախր իր բաժանման պատճառը ոչ թե երկու տոհմերի թշնամանքն էր կամ ֆեոդալական նախապաշարումը, այլ՝ «անտեր մնացած փողը»: Նրանց դեպքում Ռոմեոն աշխատանք չուներ, խմում էր, մեկ-մեկ ծեծում Ջուլիետին: Դե, իսկ Շեքսպիրի վարկածով՝ Ռոմեոին եւ Ջուլիետին բաժանեց տիեզերական սերը. մի այսպիսի իրավիճակ, ուր ինչպես ինքը՝ Շեքսպիրն էր ասում. «Բուռն սերը, բուռն վախճան ունի»:

Ռոմեոյի և Ջուլիետի սերը բացառիկ էր, հասել էր այնպիսի մի աստիճանի, որ նույնիսկ խոշոր հագամանքներն արդեն մանրուք էին թվում՝ օրինակ, այն, որ Ջուլիետն ընդամենը 13 տարեկան էր, կամ էլ որ սիրահարների ծնողները երդվյալ թշնամիներ էին: Սիրո կործանման պատճառը հենց սիրո ուժն էր եւ այս ամենը Ուիլյամ Շեքսպիրը նկարագրել է 25 հազար 948 բառով: Մեր հարեւան Ռոմիկն իհարկե, բավարարվում է ատամների արանքից նետված մեկ-երկու նախադասությամբ: Չնայած՝ նա, Ռոմիկը, առավելություն ունի նրա, Ուիլյամի նկատմամբ: Շեքսպիրն իր «Ռոմեո եւ Ջուլիետը» գրել է 1303 թվականին իտալալական Վերոնայում տեղի ունեցած մի դեպք նկատի ունենալով, դրանից ավելի քան 250 տարի անց: Եւ պատկերացրեք, Շեքսպիրը կյանքում չի եղել «դեպքի վայրում»՝ Վերոնայում: Իսկ Ռոմիկն իր եւ Ջուլիկի դժբախտ սիրո ականատեսն է եղել ընդամենը 6 տարի: Նշանակում է, պետք է որ մեր Ռոմիկի հույզերն ու փաստարկներն ավելի թարմ ու ճշմարտանման լինեն: Ամեն դեպքում, ինձ համար պարզ է. ոչ թե սրվակով թույնը, այլ՝ կենցաղային, սոցիալական խնդիրները թունավորում են մարդուն, սերը չափազանց թույլ է տաքացնում, եւ սառչող հարաբերություննները դառնում են վերջի սկիզբը: Ուրիշ բան չկա: Ուրիշ տարբերակ ես վաղուց չեմ լսել, եթե չհիշենք դավաճանության սահմռկեցուցիչ պատմությունները: Ես շատ կուրախանայի, ուզում եմ ասել՝ կտխրեի, եթե մի ուրիշ, իսկակական սիրո հենքի վրա մի այդպիսի բաժանման պատմություն լսեի: Իհարկե, կտարակուսեի, որ մեր օրերում կան սիրո ուժ եւ վեհ զգացմունքներ, որոնք կարող են այնպես պայթել, որ «տակով անեն» սիրահարներին էլ, նրանց նպատականերն ու ծրագրերն էլ:

Դրա համար էլ համոզված եմ, որ «Ռոմեոն եւ Ջուլիետը» Շեքսպիրի լավագույն ողբերգություններից է, առ այսօր իմ կարդացած ամենադասական սիրո պատմությունն է եւ, ի դեպ՝ ամենահանրամատչելին: Էլ չեմ խոսում այն մասին, որ այս ստեղծագործությունը մի յուրօրինակ չափման միավոր է. սիրո, բարքերի, ժամանակների:

Երբ զույգերը շատ գեղեցիկ են լինում, ասում են` կարծես Ռոմեոն եւ Ջուլիետը լինեն, երբ անհաջող ավարտ է ունենում նրանց անզուգական գուրգուրանքը՝ նորից համեմատում են հայտնի պատմության հետ, երբ «դարից երկար» ձգվում են նրանց սիրո օրերը, կրկին առաջին պլանում Ռոմեոի եւ Ջուլիետի պատմություն է գալիս:

Տասներեքամյա աղջկա եւ մի պատանու պատմությունը լավագույն ձեւով բնութագրում է նաեւ ժամանակները: Գաղափարը կար, սիրո զոհերը կային, պիեսը կար, բայց այ՝ համապատասխան սեռի դերասան 16 -րդ դարում չկար, որ խաղար Ջուլիետի դերը: Այդ դժնդակ ժամանակներում կանանց չէր կարելի դերեր խաղալ եւ դեռատի Ջուլիետին տասնամյակներ շարունակ մարմնավորել են պատանի արական սեռի դերասաններ: Սա էլ եղել է հասարակության դժբախտությունը՝ ի լրումն երկու սիրահարների դաժան ճակատագրի:

Ինչեւէ, պատմությունն արդիական է եղել սիրահարների մահվան հաջորդ վայրկյանից սկսած: Այդ «բրենդային սերը» 90-ականներին ծնել էր «Ռոմեո եւ Ջուլիետ» օծանելիքը, որը Հայաստնաում համարվում էր սիրո խորհրդանիշ եւ այդ տարիներին 700 դրամ արժեր: Անասելի վատ, չափազանց քաղցր բույրով այս դեղնավուն հեղուկի հոտը գալիս էր 90-ականների բոլոր իսկական սիրահարների վրայից: Իհարկե, այդ բույրը կրողներն իրենք հաճախ չգիտեին, թե ով է եղել Ռոմեոն, ով՝ Ջուլիետը, բայց բոլորն էլ, այդ թվում եւ ես, վստահ էին, որ մեծ սեր են ունեցել, ինչը մարել է շատ արագ եւ ընդմիշտ: Իսկ դրական իմաստով՝ «Ռոմեոն եւ Ջուլիետը» բնութագրել եւ բնութագրում է սիրո եւ սիրահարության աստիճանը: Երբ օրինակ զույգերն ինքնամոռաց համբուրվում են, նրանց նմանեցնում են ստեղծագործության հերոսներին`համարելով նրանց աշխարհիկ կյանքի երջանիկներ:

Մեր բակի այդպիսի երբեմնի երջանիկներից էր Ջուլիկ տատիկը: Երբ երեխաներով բղավում էինք նրա հետեւից «Ջու՜լիկ-Ջուլի՜կ», հետ էր դառնում եւ ասում՝ «Այ շան որդիք, գոնե գիտե՞ք ում պատվին է իմ անունը… Ռոմեոյի սիրածի` Ջուլիկի…»: Հետո արդեն տխուր, երեւի ոչ մեզ համար ավելացնում էր. «Համա իմ բախտը չդասավորվեց»:

Անցել են տարիներ, եւ ուզում եմ հասկանալ, թե ում բախտը չդասավորվեց` մեր հարեւան Ջուլիկի, որը 80-ամյա կին էր, թոռներով ու ծոռներով, թե 13 տարեկանում Վերոնայի գերեզմանատանը ննջացող Ջուլիետի, ով աշխարհիկ ոչ մի բարիքից էլ չօգտվեց եւ սիրո համը դեռ բերանում հեռացավ այս աշխարհից… Այն էլ՝ Վերոնայի նման մի հրաշալի քաղաքից:

Եւ ուրեմն՝ զարմանում ու խելագարի տեղ եմ դնում այն մարդկանց, ովքեր երջանիկներին համեմատում են Ռոմեոյի եւ Ջուլիետի հետ: Իսկ ինչ երջանկություն, երբ սիրող զույգերն այդպես էլ առագաստ չկիսեցին, (մեկը չհաշված), երբ չզգացին ու չհիշեցին միմյանց բույրը… Դե ասեք՝ որտեղ էր այդտեղ այդ մեծ սերը, որ բռնկել էր մի ակնթարթում եւ պետք է դեռ բոց տար ու վառեր նրանց, լավ իմաստով, ամբողջ կյանքում: Պատասխանի համար սկսեմ նորից: Եւ ասեմ բոլոր նրանց, ով չի կարդել «Ռոմեոն եւ Ջուլիետը»:

Այն անգլիացի դրամատուրգ, բանաստեղծ Ուիլյամ Շեքսպիրի ամենահայտնի ստեղծագործություններից է: Շեքսպիրը համաշխարհային գրականության ամենախոշոր ներկայացուցիչներից է: Ես, կարդալով Ռոմեո և Ջուլիետ դրաման, հասկացա, որ կա սեր առաջին հայացքից: Միայն անկեղծ, մեր օրերում շատ քիչ մարդ թույն կխմեր՝ սիրածին սպասելու համար: Գուցե խմեին թունդ կոկտեյլներ, գուցե նաեւ… չգիտեմ: Սիրո հետ կապված օրինակներ շատ քիչ են գալիս մտքիս:

Տեխնիկական առաջընթացի այս դարում, երբ ընտրություն կատարելու լայն հնարավորություններ կան, մարդիկ կուլ են գնում բարեկամների ու ծնողների քմահաճույքներին, ամուսնանում են ամուսնանալու համար, երեխա ունենում, որովհետեւ այդպես ընդունված է:

Ռոմեոն ամեն ինչ արեց Ջուլիետին հասնելու համար: Մեր օրերում միմյանց հասնելը, հանուն սիրո պայքարելը ոչինչ է: Ի՞նչ պայքար, ո՞ւմ դեմ, ի՞նչ համար: Աղջիկների մեծ մասը երազում է ամուսնանալու մասին: 90-ականներին չգրված կանոն կար. աղջիկն առաջին խոստովանության ժամանակ պետք է մերժեր: Տղայի առաջին փորձից հետո, երբ աղջիկը միանգամից «հա» էր ասում, տղան հիասթափվում էր: Հիմա էլ է նույնը, ուղակի ոչ թե հիասթափվում են, այլ անցնում, շատ արագ, մյուսներին: Զարմանալու ոչինչ չկա, միջին վիճակագրությամբ մի տղային 6 աղջիկ է բաժին ընկնում:

Եթե պատմության վերջում սիրուց դրդված երկու հերոսներն էլ մահանում են, ապա մեր օրերում դժվար է պատկերացնել, որ երիտասարդ զույգերին կործանի վերերկրային եւ մեծ սերը: Երկու սիրահարների դժբախտ հարաբերությունների մասին պատմող ողբերգությունն անհավանական դիսոնանս է առաջացնում։ Կարդում ես, տխրում, բայց ուզում ես լցվել մեծ սիրով, ապրել հանուն մեկի: Հասկանում ես, որ սերը կառավարում է մեզ եւ հանուն սիրո մենք կանեն ամեն ինչ:

Ողբերգական սիրո այս պատմությունը հրաշալի օրինակ է, թե ինչպես կարող է մեծ սերը թշնամիների հաշտության պատճառ դառնալ: Այսպիսի սեր դժվար թե կարողանանք գտնել:

Ռոմեոյի եւ Ջուլիետի սերը համբերատար է, դիմացկուն, չի կենտրոնանում թերությունների վրա, նա ի զորու է պայքարել և դիմակայել ամեն մի դժվարության: Չնայած՝ այն կարճ տեւեց, բայց ինչպես տեսնում ենք՝ հարատեւեց:

Սերը փոխում է բնավորությունը…
Ամենաողբերգակականն այն է, որ թշնամությունը ներում-բեկում չունի և այն դարեդար փոխանցվում է որդիներին, որպես պատգամ՝ ատելու իրենց պապական թշնամուն: Ժառանգություն – ատելություն, որը երբեք հաշտություն չի ունենա: Բայց Ռոմեոի և Ջուլիետի պարագայում նրանց սերը փոխեց մտածելակերպը:

Նորից չեմ հավատա, եթե ասեն, որ հիմա ժամանակներն են փոխվել, մոտեցումները, մարդկանց բնավորությունները, միջավայրը: Չկա՞ն մեր օրերում այնքան գեղեցիկ ու տրամադրող պատշգամբներ, որտեղ կարելի է հանդիպել երկրորդ կեսին, չկա՞ն արդյոք հարմար դիմակահանդեսներ: Կան ու շատ են… Փնտրելու, գտնելու կարողությունն է վերացել: Միայն Facebook-ը գրեթե ամեն օր «Դիմակահանդեսների», փարթիների, իվենթների հարյուրավոր հրավերներ է ուղարկում: Հետաքրքիր է, բա ի՞նչն է պակասում, ուր է այն ուժգին զգացմունքը՝ սերը: Քաղքենի հասարակությունը սիրով ազդում է մոդեռն երիտասարդների մտածողության վրա: Քչերի պայքարն է ուղղված սիրուն: Երիտասարդների շրջանում կարիերայի ու լավ աշխատանքի համար ավելի շատ ջանք ու եռանդ է հորդում, քան, օրինակ, լավ ընտանիք կազմելու համար: Որովհետեւ բոլորին թվում է, որ դա հեշտ է, կարելի է շատ արագ ունենալ:

Ի վերջո սերը հիմա մոդա չէ… Երբեմն հասկանում եմ գեղեցկադեմ այն աղջիկներին, որոնք չեն ամուսնանում եւ «կապվում» իրենցից տարիքով մեծ տղամարդկանց հետ… Դա երբեմն ոչ շահամոլություն է, եւ ոչ էլ ինչ-որ բան ակնկալելու միջոց: Այս դեպքում գեղեցկադեմ աղջիկները տարիքով «Ձյաձից» ակնկալում են ու ստանում իրական Ռոմեո: Ռոմեո, որը ապրած է, որը փորձ ունի, կայացած է, խնամում է, հոգատար է: Եվ ինչու են հենց տարիքով տղամարդիկ դառնում գեղեցիկ աղջիկների Ռոմեոն… կարծում եմ պատասխանը հստակ է: Նրանք այնքան են արդեն ապրել, որ հասարակության թելադրանքը դրել են մի կողմ եւ որոնել են եւ գտել են ձեւը՝ ապրել, ինչպես իրենք են ցանկանում. սիրո բերկրանք, որտեղ կաղապարներ չկան: Չկա ամոթ, չկա երկրորդ կարծիք, հասարակության թելադրանք, բամբասանք, խոսակցություններ, ծնողների ու տոհմերի ընդիմություն: Այս դեպքում նույնիսկ պոեմի հայտնի ու սոսկալի թույնը չի կարող կործանել սերը. թեւ նրանք մահացան, բայց ինձ մոտ տպավորություն է, որ նրանց սերը մինչեւ հիմա ապրում է եւ դեռ ապրելու է այնքան ինչքան կարդում են Ռոմեոն եւ Ջուլիետը:

PS – Հիմա, անկեղծ, հասկանում եմ մեր հարեւան Ջուլիկին, հասկանում եմ նրա դժբախտության պատճառը: Նա ունի ամեն ինչ, սակայն չունի եւ ոչ մի բան: Հետագայում տատս պատմում էր Ջուլիկի մասին (մանկուց են իմացել միմյանց, ապրել են մի գյուղում, հետո միասին եկել քաղաք եւ ամուսնացել): Պարզվում է նա խենթի պես սիրահարված է եղել իրենց գյուղից մի տղայի, որն էլ անմնացորդ սիրով սիրել է Ջուլիկին: Բայց աստղերն երկնքում դասավորվել են այնպես, որ Ջուլիկի հայրը չի հավանել այդ տղային եւ դեմ է եղել նրանց ամուսնությանը: Տատս միշտ կրկնում էր` Ջուլիկն ամեն ինչ ունի, թոռներ, ծոռներ, յոթ որդով սեղան է նստել, բայց կյանքն այդպես էլ չդասավորվեց նրա մոտ: Կյանքում ունեցել է ամեն ինչ, բայց …

…Դրա համար հասկանում եմ, թե ինչու է նա ողբերգական պատմության հերոսուհուն ավելի երջանիկ համարում, քան՝ իրեն: