Արտերկրից ֆիզիկական անձանց անունով Հայաստան ուղարկվող տրանսֆերտները շարունակում են բացասական իմաստով ռեկորդներ արձանագրել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հիշեցնելով, որ անցած տարվա սկզբից տրանսֆերտները սկսեցին կտրուկ նվազել, և «ցուցանիշները հավասարվեցին հեռավոր 2007 թվականներին․ ժամանակներ, երբ թվում էր, թե ավելի վատ չի կարող լինել»։
«Այս տարվա հունվարին ստացված տրանսֆերտների չափը, սակայն, փաստում է, որ վատից էլ վատ կարող է լինել։ 2016 թվականի հունվարին ֆիզիկական անձանց անունով ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 29 մլն 372 հազար դոլար։ 2015-ի հունվարին այդ ցուցանիշը եղել է 36 մլն 821 հազար դոլար, իսկ 2014-ին՝ 78 մլն 614 հազար։ Տրանսֆերտների՝ այս տարվա ցուցանիշից ցածր թիվ մեկ էլ եղել է հեռավոր 2005 թվականին։ Նույնիսկ 2006-ին տրանսֆերտների զուտ ներհոսքն ավելի մեծ է եղել և կազմել է 31 մլն 128 հազար դոլար», ֊ գրում է թերթը՝ հղում անելով պաշտոնական փաստաթղթերին։
Սա նշանակում է, շարունակում է «Ժողովուրդ»֊ը, որ Հայաստանի տնտեսությունը, որը հիմնականում գոյատևում է հենց տրանսֆերտների հաշվին, շարունակում է աղքատանալ, ինչի մասին են վկայում նաև ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից այս տարվա հունվար ամսվա վերաբերյալ հրապարակված տվյալները։
Այսպես, այս տարվա հունվարին պետական բյուջեի ընդհանուր եկամուտներն անցած տարվա համեմատ նվազել են 3,7 տոկոսով․ 2016֊ի հունվարին պետբյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 75 մլրդ 615 մլն դրամ, այն դեպքում, երբ 2015֊ին այդ ցուցանիշը եղել է 78 մլրդ 482 մլն դրամ։
«Իսկ, օրինակ, 2014֊ին, չնայած տնտեսական վիճակն առանձնապես բարվոք չէր, այնուամենայնիվ, բյուջեի եկամուտների աճ էր արձանագրվել 2013֊ի համեմատ, 2013֊ին աճ էր գրանցվել 2012֊ի համեմատ և այսպես շարունակ։ Ասել կուզի՝ իրավիճակը գնալով ավելի ու ավելի ողբերգական է դառնում»,֊ նշում է թերթը։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը այս տարվա հունվարին ևս կտրուկ աճ է գրանցել՝ ավելի քան 16 տոկոս՝ կազմելով 77 հազար 528 մարդ, ինչը, ըստ «Ժողովուրդ»֊ի, լիարժեք համահունչ է Հայաստանի տնտեսությունում ընթացող զարգացումներին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում