Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով ընթացող դատավարության այսօրվա նիստի ընթացքում կարևոր վկաներից մեկի հարցաքննությունը չի կայացել։
ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում անցկացվող այսօրվա դատական նիստին պետք է հարցաքննվեր սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի անմիջական հրամանատար Անդրեյ Նիկիշինը, ում հարցաքննությունը կարևորում են տուժողների իրավահաջորդների փաստաբանները։ Սակայն 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ուստինովը դատարանին գրություն է ուղարկել այն մասին, որ Անդրեյ Նիկիշինն այլևս ՌԴ զինված ուժերում չի ծառայում և Ռազմաբազան տեղեկություն չունի նրա գտնվելու վայրի մասին։
Այսօր հարցաքննության համար դատարան էին կանչվել նաև մի քանի այլ ռուսաստանցի զինծառայողներ, սակայն ռազմաբազայի ղեկավարությունը դարձյալ տեղեկացրել է, որ նրանք հանվել են ռազմաբազայի անձնակազմի ցուցակից և Հայաստանում չեն գտնվում։
Այս պահին դատական նիստը շարունակվում է։