Home / Հայաստան / Գորիսի ոստիկանապետի կողմից ծեծվածը մեղադրվում է բռնություն գործադրելու մեջ․ «Ժողովուրդ»

Գորիսի ոստիկանապետի կողմից ծեծվածը մեղադրվում է բռնություն գործադրելու մեջ․ «Ժողովուրդ»

Գորիսի ոստիկանապետի Գևորգ Ազիզյանի կողմից մարտի 8-ին ծեծի ենթարկված Արթուր Գևորգյանը մեղադրյալ է դարձել։ Նրան մեղադրում են 316-րդ հոդվածով (իշխանության ներկայացուցչի նկատմամաբ բռնություն գործադրելը)։ Գևորգյանը նախ կալանավորվել է, ապա մարտի 25-ին ազատ է արձակվել 500 դրամ գրավի դիմաց, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթի հետ զրույցում Գևորգյանն ասել է, որ ինքը դեպքի ժամանակ չի իմացել, որ «գործ ունի» ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի հետ։ Վերջինս այդ մասին տեղեկացել է այն ժամանակ, երբ իրեն ծեծելով նստեցրել են ոստիկանական մեքենա։ Գևորգյանի վկայաությամբ՝ ոստիկանապետը քաշքշել է իր ընկերոջը և դրա համար ինքը խառնվել վեճին։

«Ասել եմ ապեր, խի ես ընկերոջս քաշքշում, ու միանգամից ֆռացել է՝ բա դու ով ես արա, ու տփոց։ Բաժնում հերթապահ մասի մոտ կանգնած մտել է ու սկսել է տփել, քացով-մացով խփել», – թերթի հետ զրույցում ասել է Գևորգյանը, ով Գորիսի փոխոստիկանապետ Մուշեղ Գևորգյանի եղբոր որդին է։ Ի դեպ, միջադեպից հետո Գևորգ Ազիզյանը Մուշեղ Գևորգյանին ազատել էր զբաղեցրած պաշտոնից, իսկ ավելի ուշ՝ միջադեպի տեսանյութի հայտնվելուց հետո, Գորիսի ոստիկանապաետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։

Ըստ թերթի՝ դեպքին ականատես են եղել նաև ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի վարչության պետ Վահրամ Դաղունցը, Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, նրա տեղակալ Ասպուր Ավետիսյանը, և հենց նրանք են «գործ են սարքում» Արթուր Գևորգյանի գլխին։

«Ակնհայտ է, որ նրանց ջանքերի շնորհիվ է, որ տուժողը մեղադրյալ է դարձել։ Ավելին հիմա առաջ է քաշվում թմրամոլության վարկածը՝ թե երիտասարդները թմրանյութի ազդեցության տակ են եղել», – գրում է թերթը։

«Ժողովուրդը» հաղորդում է նաև, որ ոստիկանապետը և ծեծին ականատես Արթուր Գևորգյանի ընկերը՝ Վ․ Խաչատրյանը, իրենց ցուցմունքում նշել են, թե ծեծողը «ոստիկանական հնարք» է կիրառել և ոչ թե ծեծել։ Թերթի հետ զրույցում սակայն Խաչատրյանը ասել է, որ ինքը չի հասկացել, թե ինչ է նշանակում «ոստիկանական հնարք» և հոգեբանորեն ճնշված է եղել ցուցմունք գրելիս։

«Ես ասել եմ, որ ոստիկանապետը վզից բռնել, քցել է գետնին, ինձ ասել են՝ գրի ոստիկանական հնարք։ Չգիտեմ՝ ինչ հնարք է դա, ինձ ասացին , դե, գրի, հատուկ հրաքով քցեց գետնին։ Հետո հասկացել եմ, ուզում եմ ուղղումներ անել, հատուկ հնարքը փոխեմ, քանի որ իրականում՝ չգիտեմ հատուկ հնարքը ինչ է», – թերթի հետ զրույցում ասել է Խաչատրյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում