Հայաստանում երթևեկության կանոնների խախտման հետևանքով 33 տոկոս ավելի շատ տուգանք է հավաքվում, քան Եվրամիության «խախտումնաշատ» երկերից մեկում՝ Ֆրանսիայում: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Ընդհանուր առմամաբ, թերթի տվյալներով, մեկ տարվա ընթացքում Հայաստանում երթևեկության կանոնների խախտման համար գանձված տուգանքները հասնում են մոտ 13 միլիարդ դրամի, որը կազմում է ՀՀ բյուջեի ուղիղ 1 տոկոսը: Այն դեպքում, երբ Ֆրանսիայում տարեկան տուգանքներից ստացվում է 500 միլիոն դոլար, որը կազմում է բյուջեի միայն 0.03 տոկոսը:
«ՀԺ»-ի դիտարկմամբ՝ տուգանքների աստղաբաշխական ցուցանիշը չի ազդում, սակայն, երթևեկության անվտանգության ապահովմանը: Եվ տեսանկարահանող սարքերի թվի աճին՝ ավելանում են ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը:
Թերթն ընդգծում է, որ ՀՀ կառավարության անցած նիստում հաստատվել է ՃՈ֊ի կողմից այս տարվա ընթացքում երթևեկության կանոնների խախտման համար հավաքագրված տուգանքների ծախսերի նախահաշիվը։
Դրա համաձայն, 13 միլիարդից 2.1-ը ուղղվում է ճանապարհային ոստիկանների պարգևատրմանը՝ ամսական 165 հազար դրամ յուրաքանչյուրին: Դա հավելավճար է, որը գումարվում է աշխատավարձին:
«Այս տարի 210 մլն դրամ ոստիկանությունը նախատեսել է ծախսել «կինո-մինո» նկարելու վրա: Այդ թվում՝ նախատեսված է նկարահանել սերիալ․ որը, ինչպես նշված է պաշտոնական փաստաթղթերում,
ներկայացնելու է ոստիկանների աշխատանքը՝ «ուղղված է հասարակական կարգի ապահովմանն ու քաղաքացիների իրավունքների պահպանմանը՝ կարևորելով պայքարը հանցավորության դեմ, որի ընթացքում ներկայացվում են ինչպես մեր կյանքի ստվերոտ կողմերը, այնպես էլ, ոստիկանի պրոֆեսիոնալ հակազդումը հանցավորին»», ֊ գրում է թերթը:
Շարունակելով նախատեսվող ծախսերի թվարկումը, «ՀԺ»֊ն նշում է, որ 40 միլիոն դրամ հատկացվելու է հանրահավաքների ու բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանական ուժերին տեղափոխելու համար ավտոտրանսպորտ վարձակալելու համար:
«Չնայած պետական բյուջեից այդ նպատակին հատկացված է մոտ 14 միլիոն դրամ, բայց դա ըստ ոստիկանության բավարար չէ», -գրում է թերթը:
9.4 միլիոն դրամ ոստիկանությունը ծախսում է երկու փոքր տարածքների պահպանման համար: Օրինակ՝ «Էջմիածնի գայի»-ի «հարող տարածքի» պահպանման վրա, ըստ թերթի, տարեկան ծախսվում է 10 հազար դոլար:
«Ակնհայտ է, որ ոստիկանության կողմից կատարվող այս ծախսերը պետական միջոցները փոշիացնելու հերթական ապացույցն է։ Ոստիկանությանն ուղղվող գումարներն անհրաժեշտ է էականորեն կրճատել՝ կրճատելով, առաջին հերթին, ոստիկանության գերուռճացված թվաքանակը…
… Հայաստանը աշխարհի ամենաոստիկանացված պետություններից է, որտեղ 100 հազար բնակչությանը բաժին է ընկնում 3-4 անգամ ավելի շատ ոստիկան, քան նորմալ երկրներում», – գրում է թերթը: