Արագաչափ սարքերը և երթեւեկությանը հետևող տեսախցիկները գործարկվել են 2012 թվականից, ու գործարկումից մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը դրանց արձանագրած տվյալների հիման վրա կայացվել է վարորդներին տուգանելու 2 միլիոն 536 հազար 212 որոշում: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված հոդվածում գրում է ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Ես դիմել եմ Կառավարություն՝ Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների թիվն իմանալու համար, սակայն ինձ պատասխանել են, թե դա պետական գաղտնիք է: Բայց փորձագիտական տվյալների վրա հիմնվելով կարող ենք ասել. որոշումների վերը նշված քանակը նշանակում է, որ Հայաստանում մեքենա վարող յուրաքանչյուր քաղաքացի արագաչափ սարքերի և տեսախկիկների գործարկմամբ 2012 թվականից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը տուգանվել է միջինը 7 անգամ: Սա նշանակում է, որ Հայաստանում ոչ մի կարգապահ վարորդ չկա և «կարգապահ» են միայն նրանք, ովքեր ոստիկանությունում ծանոթ ունեն, կամ ոստիկանության, ԱԱԾ, ՊՆ, դատախազության, հարկայինի, դատարանի, նախագահականի, կառավարության և ԱԺ (գոլդ) համարանիշով մեքենա են վարում», ֊ գրել է պատգամավորը:
Փաշինյանը ևս մեկ կարևոր տվյալ է ընդգծում․ 2012թ. հունվարից մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը վարորդների նկատմամբ կիրառված համախառն դրամական տուգանքը կազմել է 24 միլիարդ 608 միլիոն 96 հազար դրամ:
«Որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ինչ թվի մասին է խոսքը, ասեմ, որ ՀԷՑ-ի պարտքը Հայաստանի էլ. էներգիա արտադրողներին կազմում է 23.6 միլիարդ դրամ և ՀԷՑ-ի հաշիվներում հենց այսքան գումարի դեֆիցիտի պատճառով է տեղի ունեցել էլեկտրական էներգիայի սակագների բարձրացումը:
Ընդգծեմ նաև, որ արագաչափերի և երթեւեկության հետևող տեսախցիկների տվյալների հիման վրա նշանակվող տուգանքների թիվը և դրանց դրամանական ծավալը աճում է երկրաչափական պրոգրեսիայով…
…Արդեն մի քանի տարի Ազգային ժողովում բարձրացնում եմ այս կեղեքիչ արագաչափերի և երթևեկությանը հետեւող տեսախցիկների հարցը և կառավարության ներկայացուցիչները այլ փաստարկ չունենալով պնդում են, թե արագաչափերի և տեսախցիկների շնորհիվ մեր ճանապարհներին անվտանգության մակարդակը բարձրացել է: Թե որքանով է հիմնավոր այս տեսակետը, փորձենք հասկանալ պաշտոնական վիճակագրության միջոցով:
2012 թվականին, այսինքն՝ արագաչափերի գործարկման առաջին տարվա ընթացքում, Հայաստանի տարածքում տեղի ունեցած Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժել է 4 հազար 50 մարդ: 2013-ին այդ թիվը աճել է՝ 6.4 տոկոսով, դառնալով 4 հազար 310, իսկ 2014-ին դարձել է 4 հազար 758. նախորդ տարվա նկատմամբ աճը 10.3 տոկոս, իսկ 2012-ի նկատմամբ 17.4 տոկոս: Այսպիսով՝ արագաչափերի գործարկումից ի վեր ՃՏՊ-ներում տուժածների թիվը աճել է 17.4 տոկոսով: 2011-ին, ի դեպ, երբ դեռ չկային տեսախցիկները և արագաչափերը, ճանապարհատրանսպորտային պատահարներում տուժածների թիվը եղել է 3 հազար 681: Այսինքն, 2014-ին 2011-ի նկատմամբ տուժածների թիվը հազար դեպքով կամ 29.2 տոկոսով աճել է:
Կառավարության ներկայացուցիչները ակնարկում են, թե աճը պայմանավորված է հայաստանում շահագործվող ավտոմեքենաների թվի ավելացմամբ: Բայց, ինչպես նշեցի, ՀՀ-ում շահագործվող ավտոմեքենաների թիվ չի հրապարակվում, չի հրապարակվում նաեւ շահագործումից դուրս եկած ավտոմեքենաների թիվ: Ու քանի դեռ մենք այս պաշտոնական թվերին չենք տիրապետում, կառավարության մեկնաբանությունը պիտի համարենք առնվազն կողմնակալ: Չնայած՝ փորձագիտական տվյալներն էլ ասում են, որ կառավարության արդարացումները հիմնավոր չեն», ֊ նշում է Փաշինյանը:
Նա առաջարկում է քննարկել հարցի կարգավորման մի քանի տարբերակներ.
Տարբերակ 1. Արգելել վարորդներին միակողմանիորեն, առանց նրանց լսելու և առանց պատշաճ հետաքննության տուգանելը:
Տարբերակ 2. Երթևեկության կանոնների խախտումների համար նշանակվող տուգանքները նվազեցնել-համապատասխանեցնել Հայաստանի սոցիալական իրողություններին և/կամ տուգանքների չափը կախվածության մեջ դնել մեքենային նշանակության, շարժիչի հզորության, արտադրության տարեթվի հետ:
Տարբերակ 3. Մայրուղիներում, ճանապարհներին սահմանել 100 կլիոմետրի վրա արագաչափ սարքերի առավելագույն չափ: Օրինակ՝ 100 կիլոմետրի վրա չի կարող լինել մեկ արագաչափ սարքից ավելի:
Տարբերակ 4. Արագաչափ սարքերի և երթևեկությանը հետևող տեսախցիկների գործադրմամբ վարորդներին տուգանել ոչ թե մեկ խախտում-մեկ տուգանք, այլ 24 ժամվա ընթացքում նվազագույնը երեք խախտման համար մեկ տուգանք սկզբունքով:
Տարբերակ 5. Հանել արագաչափ սարքերը: Տեսախցիկների տվյալները օգտագործել միայն Ճանապարհային երթևեկության հոսքերի օպերատիվ կառավարման համար:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում