Ապրիլի 18-ին հրաժարական է ներկայացրել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը։
«Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու», ֊ ԴԱՀԿ֊ի կայքում գրել է Պողոսյանը։
Նշենք, որ Պողոսյանի անունը հիշատակվում է Mossack Fonseca ընկերության գաղտնազերծված փաստաթղթերում որպես օֆշորային գոտում գրանցված ընկերությունների բաժնետեր։ Հայաստանյան մամուլում բազմիցս հրապարակումներ են եղել Միհրան Պողոսյանի բիզնեսների մասին։ Ըստ դրանց, նա, մասնավորապես, Հայաստան բանան ներկրելու մենաշնորհ ունի։
Epress.am Լուրեր Հայաստանից