Home / Հայաստան / ԴԱՀԿ-ի աճուրդները՝ պետական մակարդակով աֆերիստություն. «ՀԺ»

ԴԱՀԿ-ի աճուրդները՝ պետական մակարդակով աֆերիստություն. «ՀԺ»

ԴԱՀԿ-ի կողմից կազմակերպված աճուրդները պարզապես ֆիկցիա են, և ամենայն հավանականությամբ գործ ունենք պետական պաշտոնյաների հետ սերտաճած աֆերիստների խմբի հետ, որոնք մարդկանց դժբախտությունների վրա «բիզնես» դրել: ԴԱՀԿ-ի կողմից կազմակերպված աճուրդներից մեկը վերլուծելով՝ «Աֆերիստներ պետական մակարդակով» հոդվածում նման եզրակացություն է արել «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«ՀԺ»-ն ներկայացրել է մարտի 9-ին տեղի ունեցած մի պատահական աճուրդի ընթացք։ Ըստ սահմանված կարգի՝ աճուրդի յուրաքանչյուր մասնակից, կայքում գրանցվելով, ստանում է հատուկ կոդ և սկսում է ապրանքի համար առաջարկել իր նախընտրած գինը: Մեկ ուրիշ մասնակից, տեսնելով այդ գինը, իր առաջարկած գինն է գրում: Դա տևում է այնքան, մինչև որևէ մեկը առաջարկի այնքան բարձր գին, որ մյուս մասնակիցները այլևս չմասնակցնեն, և աճուրդի անցկացման համար սահմանված ժամկետի ավարտին ամենաբարձր գին առաջարկածը դառնում է ապրանքի սեփականատերը:

Ներկայացնելով աճուրդներից մեկի ընթացքի նկարը՝ թերթը մատնանշում է, որ 4543 կոդով մասնակիցը անհավանական արագ է արձագանքում մյուս մասնակցի առաջարկներին։

«Ամենաձախ սյունակում մասնակիցների կոդերն են, մեջտեղի սյունակում առաջարկները ներկայացնելու ճշգրիտ ժամը, իսկ երրորդ սյունակում`առաջարկած գները: Հիմա ուշադրություն դարձրեք ամենավերևի 12 տողերին: 6916 կոդով մասնակիցը ժամը 12:30:43-ին առաջարկ է ներկայացնում, որ ինքը տվյալ ապրանքը կգնի 47 հազար 475 դրամով: Ճիշտ նույն պահին 4543 կոդով մասնակիցը պատասխանում է այդ առաջարկին` 500 դրամ ավելի: Երկու րոպե անց 6916 մասնակիցը նոր առաջարկ է ներկայացնում` 48 հազար 475 դրամ: Ճիշտ նույն պահին 4543 կոդով մասնակիցը 500 դրամով ավելացնում է առաջարկվող գինը: Ու դա տեղի է ունենում անընդհատ:

1dahkcucak

Եվ ուրեմն, ո՞րն է խնդիրը: Որպեսզի ձեր առաջարկած գինը տեսանելի լինի մյուս մասնակիցներին, գոնե մի քանի վայրկյան պետք է անցնի: Մի քանի վայրկյան էլ կպահանջվի, որ մյուս մասնակիցները մտածեն, մտքում ձևավորեն իրենց առաջարկը և այն հանձնեն համակարգչին: Ու եթե նույնիսկ պատկերացնենք, որ աճուրդի բոլոր մասնակիցները օգտվում են աշխարհի ամենաարագ ինտերնետից, միևնույն է, երկու իրար հաջորդող առաջարկների միջև գոնե մի քանի վայրկյանի տարբերություն պետք է լինի: Բայց, ինչպես տեսնում ենք վերը բերված նկարից, առաջարկների միջեւ այդ ժամանակահատվածը բացակայում է: Ինչպե՞ս կարող է դա լինել տեխնիկական տեսանկյունից: Այդպես արագ, ակնթարթորեն արձագանքող մասնակիցը, որը տվյալ դեպքում հանդես է գալիս 4543 կոդով, թերևս համակարգչային «ռոբոտ» է:

Աճուրդի ավարտին «ռոբոտը» պարզապես ուղիղ 500 դրամով ավելի բարձր գին է առաջարկում ներկայացրած ցանկացած առաջարկին ի պատասխան: Եվ իր առաջարկը տեղադրվում է հենց այն ակնթարթին, երբ մյուս մասնակիցը ներկայացնում է առաջարկություն: Ստացվում է, որ հատկապես արժեքավոր իրերի աճուրդների ժամանակ պատահական անձինք չեն կարող հաղթել, իսկ հաղթողը միշտ համակարգչային «ռոբոտն է», որն էլ իր հերթին լիարժեքորեն ինտեգրված է ԴԱՀԿ վերահսկողության տակ գտնվող պաշտոնական կայքի հետ: Թե ովքեր են այդ «ռոբոտները», որքան գումար են «վաստակել» իրենց գործունեության ընթացքում, հնարավոր է պարզել միայն իրավապահների կողմից անաչառ ու պրոֆեսիոնալ քննության արդյունքում: Սակայն նման քննության անցկացումը բացառված է ի սկզբանե: Այդ ո՞ր իրավապահ մարմինը քար կնետի ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի ««բախչեն»»,-գրում է «ՀԺ»-ն:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում