Լրատվամիջոցները, որոնց մի մասը 2013 թվականի հոկտեմբերին խախտեցին անմեղության կանխավարկածը, տարածեցին քննչական մարմինների կեղծած տեսանյութը և մեղադրեցին վանաձորցի Կարեն Կունգորցևին 15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ, անտեսեցին այսօրվա երևանյան ասուլիսը։ Այնտեղ լրագրողները կարող էին հանդիպել բանտում 31 ամիս անցկացրած և անմեղ ճանաչված երիտասարդին, նրա մորը, սպանվածի հորը, փաստաբաններին, Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպաններին, ովքեր այսքան ժամանակ աշխատում էին կանխել անմեղ մարդու դատապարտումը։
Աննախադեպ որոշումն ընդունեց Լոռու մարզի առաջին ատյանի դատավոր Նարինե Հովակիմյանը, ում չխանգարեց դատախազի 9.5 տարվա ազատազրկման պահանջը, գործի ուղղորդումը, վկաների կեղծված ցուցմունքները և քննության ընթացքում առկա այլ անօրինությունները։ Ասուլիսի ժամանակ դատավորին գովում էին բոլորը՝ նշելով, որ հայաստանյան իրականության մեջ ստիպված են ուրախանալ, երբ դատավորը ուղղակի պատշաճ կերպով կատարում է իր պարտականությունները։
Իրավապաշտպան Միքայել Դանիելյանի խոսքով՝ Կունգորցևի ազատումը մեծ հաղթանակ էր հայաստանյան իրականության պարագայում․ «Չեմ ուզում ասել, որ Հայաստանում հաղթել է դեմոկրատիան և դատավորները անկախ են աշխատում, սա միայն մի դատավորի՝ Նարինե Հովակիմյանի կամքի արտահատությունն էր։ Նա իր մեջ ուժ գտավ հրաժարվել դատախազության պատվերից։ Մեզ ամենաշատն ուժ ներշնչեց այն, որ տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը մեզ հետ սկսեցին պայքարել Կարենի ազատման համար»։
15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանության փորձի մեջ մեղադրվող Կունգորցևը փոխհատուցման պահանջով կդիմի դատարան։ Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը նշել է, որ իրենք Հայաստանի դատական ատյանների կողմից բացասական վճիռներ ստանալու դեպքում դիմելու են Եվրոպական դատարան։
Ինքը՝ Կունգորցևը, կարևորել է այն փաստը, որ սպանված պատանու հայրը՝ Հակոբ Հովակիմյանը, պայքարել է իր ազատման համար, քանի որ վստահ է եղել, որ ինքն անմեղ է։
Լրագրողների հետ զրույցում Կունգորցևը նաև պատմել է, թե ինչպես են 2013 թվականի հոկտեմբերին ոստիկանները եկել իր աշխատավայր ու առանց բացատրությունների ձեռնաշղթաներով տարել ոստիկանության բաժանմունք․ «Ինձ ստիպում էին, որ ստորագրեմ թղթերի տակ, որոնց մասին տեղյակ չէի, ծեծելով ստիպում էին, որ մեղքն իմ վրա վերցնեմ, ասում էին՝ եթե իրենց ասածով անեմ, ամեն ինչ լավ կլինի։ Ինձ խոշտանգելու առթիվ 600 դիմում եմ ուղարկել բազմաթիվ կազմակերպություններ և գերատեսչություններ, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձրել դրանց»։
Արայիկ Պապիկյանի խոսքով՝ խոշտանգման մասին ահազանգին սկսել են ուշադրություն դարձնել միայն այն ժամանակ, երբ գործն արդեն գտնվում էր դատական վարույթում և ի հայտ էին եկել ակնհայտ փաստեր․ «2 քրեական գործ հարուցվեց, մեկը՝ վկաներին ուղղորդելու վերաբերյալ, իսկ մյուսը՝ բռնություն գործադրելու վերաբերյալ, սակայն վերջին գործն արդեն փակել են»։
Տուժողի իրավահաջորդ Հակոբ Հովակիմյանի փաստաբան Արմինե Ֆանյանն ընդգծել է, որ դատարանի արդարացի որոշումը ցույց է տվել՝ պետությունը սխալվել է և պետք է հատուցի դրա համար․ «Պետությունը սխալվել է և պետք է կրի դրա ամբողջ բեռը։ Նրանք պետք է լուրջ ռեսուրսներ ներդնեն այս հանցագործությունը բացահայտելու գործում։ Գործի հենց սկզբից նախաքննական մարմինն աշխատել է միայն մի վարկածի ուղղությամբ և չեն քննվել մյուս բոլոր տարբերակները, որոնք շրջանառվել են մամուլում։ Նախաքննական մարմնի միակ նպատակը եղել է Կարենին դատապարտելը»։
Հակոբ Հովակիմյանը, իր հերթին, նշել է, որ գործին ծանոթանալուց հետո համոզված է եղել, որ իր որդուն Կունգորցևը չի սպանել․ «Երբ սկսեցի մանրամասն ուսումնասիրել գործը, հասկացա, որ Կարենը չի սպանել իմ որդուն, ոչ մի փաստ չկար, որը կապացուցեր նրա մեղավորությունը։ Իմ նպատակը նա չէր, որ ինչ-որ մեկը դատվի տղայիս սպանելու համար, ես էլ իբր հանգստանամ, իմ նպատակն արդարության հասնելն էր։ Դրա համար երբ հասկացա, որ Կարենը չի սպանել որդուս, ամեն ինչ արել եմ, որ նրան ազատ արձակեն ու դրա համար շատ շնորհակալ եմ նախագահող դատավորին։ Մինչև հիմա էլ Վանաձորում շշուկներ կան, որ որդուս սպանողը պաշտոնյայի որդի է»։
Պապիկյանն անդրադարձել է նաև 2013 թվականի մամուլի հրապարակումներին, որոնք, փաստաբանի կարծիքով, վտանգել են անգամ Կունգորցևի կյանքը․ «Գործի լուսաբանումը մամուլում հենց սկզբից ընթացել է անմեղության կանխավարկածի համընդհանուր խախտմամբ։ Առաջին իսկ օրվանից նշվեց մականուն (մամուլում նշվում էր, թե Կունգորցևի մականունը Քուրդ է֊խմբ․) և, իբր, հեղինակություն է նա։ Դրան հաջորդող օրերին սոցցանցերում և մամուլում տարբեր անձինք, չեմ կարող անգամ ասել, թե ինչ էին առաջարկում Կարենի հետ անել։ Ես նույնիսկ դատարանում՝ կալանքի սանկցիայի ընտրության ժամանակ, ասացի, որ հաշվի առնելով, թե ինչ է սպասվում Կարենին դրսում, գուցե ավելի ապահով է Կարենի համար, որ մնա ՔԿՀ-ում։ Եթե առաջին օրերի այդ հրապարակումները չլինեին, գուցե, նախաքննական մարմնի հետ մի քանի ամսում ամեն ինչ ավարտեինք և այսքան չձգվեր»։