Դեռևս 2015 թ. սեպտեմբերին պայմանագրային զինծառայող Ա. Գրիգորյանը դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարություն՝ N զորամասում զբաղեցրած պաշտոնից արձակելու խնդրանքով: Միայն 5 ամիս անց՝ 2016 թ. փետրվարի 29-ին՝ Գրիգորյանի կողմից Վարչական դատարան դիմելուց հետո, Պաշտպանության նախարարությունից գրություն է ստացվել, ըստ որի զինծառայողը ենթակա է զորացրման՝ սպայական դասընթացում ուսանելու հետ կապված փոխհատուցման ենթակա 2 մլն. 632 հազար 912 դրամը վճարելու դեպքում: Գործով զբաղվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նշում է, որ համաձայն չլինելով ներկայացված գումարի չափին՝ Գրիգորյանը, այնուամենայնիվ, վճարել է այն: Մինչ օրս, սակայն, զինծառայողը զորացրման հետ կապված պատասխան չի ստացել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Գրիգորյանի դիմումին ընթացք տալու հարցով՝ դեռևս 2015 թվականին դիմել էր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Պատասխան չստանալով՝ կազմակերպությունը դիմել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ Պաշտպանության նախարարության անգործությունը վերացնելու պահանջով:
Դրանից հետո 2016 թ. հունվարի 16-ին Ա. Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ զինվորական ծառայությունից արձակելու մասին հրամանը տրամադրելուն պարտավորեցնելու մասին։ Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի, եթե օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտը չի ընդունվում այն մեխանիկորեն վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը:
Միայն Վարչական դատարան ներկայացրած հայցադիմումից հետո Պաշտպանության նախարարությունը Գրիգորյանին գումար վճարելու պահանջ է ներկայացրել: Գրիգորյանը այդ գումարը վճարելու համար վարկ է վերցրել, բայց մինչ օրս նրա ազատ արձակման հրամանը չկա և նա ստիպված է շարունակել ծառայությունը։