«Արեգակ» վարկային կազմակերպության աշխատակից Վարոս Սարգսյանը և «Ֆինքա» վարկային կազմակերպության աշխատակից Էդվարդ Հովսեփյանը նախքան Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի բնակիչների հետ պայմանագիր կնքելն իմացել են, որ նպատակային գյուղատնտեսական վարկը փաստացի տրամադրվելու է գյուղի խանութներից մեկի սեփականատերեր ամուսիններին՝ Ալվարդ Իսկանդարյանին և Արսեն Մնացականյանին: Epress.am-ի հետ զրույցում այս մասին ասել է գյուղի 17 բնակիչների փաստաբան Աշոտ Ապրեսյանը։ Բազմաթիվ վարկերը իրավաբանորեն ձևակերպվել են գյուղի մոտ 100 բնակիչների անունով. խանութպան ամուսինները 2015-ի օգոստոսից դադարել են փակել վարկերը, և այժմ գյուղի բնակիչները դատական գործընթացների մեջ են։ Ընդհանուր պարտքը հասնում է 130 միլիոն դրամի։
Ավելի վաղ Epress.am-ի զրույցում վարկային կազմարկերպություններից «Ֆինքա»-ի ներկայացուցիչը բացառել էր, թե վարկային մասնագետը նախապես տեղյակ է եղել, թե ում է տրամադրվելու նպատակային վարկը:
««Արեգակ»-ը և «Ֆինքա»-ն տրամադրում են նպատակային, գյուղատնտեսական վարկեր՝ գյուղատնտեսության զարգացման համար։ Քանի որ վարկային մասնագետները նախօրոք գիտեին, որ այդ վարկը գյուղացին չի ստանալու, նրան չի հասնելու, պարտավոր էին մերժել վարկի տրամադրումը», -ասել է Ապրեսյանը:
Նա նշել է, որ գյուղի խանութպանները բնակիչներին հրավիրել են խանութ և հենց այնտեղ՝ վարկային մասնագետի ներկայությամբ, կնքվել են պայմանագրերը։
«Ինձ մոտ գտնվող հայցերը վկայում են, որ անձամբ ոչ մի քաղաքացի ինքը չի գնացել և չի դիմել վարկային կազմակերպությանը՝ վարկ ստանալու համար։ Հակառակը՝ վարկային կազմակերպության աշխատակիցները գնացել են Ալվարդի խանութ, Ալվարդը զանգահարել է կոնկրետ քաղաքացիների, հրավիրել է խանութ և խանութում, վարկային կազմակերպության աշխատակցի ներկայությամբ, առաջարկել է վարկը վերցնել և տալ իրեն։ Բնականաբար, վարկային կազմակերպության աշխատակիցը հենց այդ պահից արդեն իսկ տեղյակ է եղել, որ այն ինչ ձևակերպվում է վարկային դիմումի մեջ, այն, որ քաղաքացին դիմում է վարկ ստանալ ինչ-որ նպատակների համար, դրանք կեղծ տվյալներ են։ Վարկ ստանալու դիմումը լրացվել է կա՛մ Ալվարդի կողմից, կա՛մ վարկ վերցնող քաղաքացիների կողմից, բայց նրանց թելադրել է Ալվարդը, թե ինչ գրեն», ֊ նշել է փաստաբանը։
Վարկային դիմումը լրացնելու ընթացակարգի համաձայն՝ դիմումի մեկ էջը լրացվել է վարկային մասնագետի կողմից։
«Այդ էջում նրանք լրացնում էին, թե քաղաքացիներն ինչքան պասիվներ և ակտիվներ ունեն։ Այսինքն՝ ինչպիսի պարտավորություններ ունեն և ինչպիսի եկամուտներ։ Դա ուսումնասիրելով՝ նրանք որոշում էին, թե քաղաքացիները ի վիճակի են լինելու վարկը մարելու, թե ոչ։ Մի քանի քաղաքացիների մոտ այդ ակտիվների և պասիվների սխալ են նշված՝ ակտիվները ուռճացվել են, պասիվները՝ նվազեցվել։ Օրինակ՝ մարդը, որը չունի մեքենա գրել են, որ ունի, չունի տրակտոր գրել են, որ ունի», – պատմել է Ապրեսյանը։
Նա ասել է, որ իր ձեռքի տակ են գտնվում 17 գործեր, և երկուսի դեպքում՝ մեկի տեղը այլ մարդ է ստորագրել․ «Օրինակ՝ Մենա Գրիգորյանի ամուսինը չի ստորագրել երաշխավորության դիմումը, սակայն նրա փոխարեն ստորագրել է չգիտես՝ ով։ Այդ հարցով արդեն հարուցվել է քրեական գործ»։
Ապրեսյանն անդրադարձել է նաև վարկային կազմակերպությունների ներկայացուցիչների այն պնդումներին, թե վարկային մասնագետները տեղյակ չեն եղել, թե ում է իրականում հասել վարկային գումարը։
«Իրենց իրավաբանը (վարկային կազմակերպությունների-խմբ․) ասում է, որ չեն իմացել նախապես, բայց արդեն ապացուցված է, որ մինչև 2015 թվականի օգոստոսի 15-ը այդ բոլոր վարկերը՝ մոտ 60-70 հոգու վարկ Ալվարդին և Արսենին են տվել։ Դա չեն ժխտում նաև ամուսինները։ Բացի դա, հարց է առաջանում, եթե վարկային կազմակերպության աշխատակիցը տեղյակ չի, որ վարկերը ուրիշներին են տալու, բա ինչո՞ւ են գնում Արսենի խանութ ու այդ վարկի մարումը վերցնում նրանից։ Ասենք եթե գիտի, որ այդ վարկը տրամադրվել է, օրինակ, Նաիրա Օհանյանին, ինչո՞ւ է գնում և ամեն ամսվա փողը վերցնում ոչ թե Նաիրայից, այլ Ալվարդ Իսկանդարյանից։ Վճարման անդորրագրերը գտնվում են Ալվարդի և Արսենի մոտ»,- ասել է փաստաբանը։
Ապրեսյանի խոսքով՝ վարկը մարելու հարցում պատասխանատվությունը միայն Խաչիկի բնակիչների վրա չի կարող մնալ։
«Հնարավոր է, որ առաջին հայացքից թվա, թե քաղաքացին ասենք խաբել է վարկային կազմակերպության աշխատակցին՝ վարկ է վերցրել և տվել ուրիշին։ Եթե հիմա չի կարողանում փակել, դա իր՝ այդ քաղաքացու խնդիրն է։ Բայց եթե վարկային կազմակերպության աշխատակիցները մեկ այլ քաղաքացու հետ համաձայնության մեջ է մտնում և մեկ ուրիշին ասում են՝ արի վարկ վերցրու, տուր այդ քաղաքացուն, բնականաբար, վարկային կազմակերպության աշխատակիցը և այն քաղաքացին, որի հետ համաձայնության մեջ են մտել… այդ պարտավորությունը պետք է մնա իրենց վրա», -նշել է Ապրեսյանը։