Home / Տեսանյութեր / «Սա միայն իմ խնդիրը չէ»․ Հայաստանին հակախտրական օրենք է հարկավոր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Սա միայն իմ խնդիրը չէ»․ Հայաստանին հակախտրական օրենք է հարկավոր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հայաստանում գոյություն ունեն ԼԳԲՏ մարդիկ՝ իրենց  իրավունքներով  և խնդիրներով, բայց նրանց ձայները չեն լսվում»։ Epress.am-ի հետ զրույցում Հայաստանում  ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ վերաբերմունքի և վերջերս սեռական կողմնորոշման հիմքով իր նկատմամբ կատարված խտրականության մասին է պատմել 2015 թվականին «Դեպի Հայք» կամավորական ծրագրով ԱՄՆ-ից Հայաստան եկած Գայլ Խանդիկյանը։ 

«Ես հայ եմ, բայց որովհետև ես նույնասեռական եմ, ընդունված չեմ իմ համայնքի կողմից։ Քո հայրենակիցները քեզ ասում են, որ քեզ նման մարդկանց պետք է վառել կամ սպանել։ Դա ինձ համար ահավոր է և անընդունելի։ Մենք այն ժողովուրդն ենք, որ գիտի, թե ինչի կարող է բերել ատելությունը։ Դրա համար այդ բռնության կոչերը ընդունելի չեն ինձ համար։ Մենք ցեղասպանություն ենք ապրել, մենք գոնե դրանից հետո մի բան պետք է սովորած լինեինք, բայց շատ բաներ ունենք սովորելու», – պատմել է Խանդիկյանը՝ նշելով, որ այս խնդիրների մասին գրել է իր «Բացատրէ ինծի ինչու և ինչպէս հպարտանամ հայ ըլլալով» հոդվածում, որը հիմք է դարձել նրան հեռացնել «Բեկոր» ազգագրական պարի խմբակից։ Խմբակի գեղարվեստական ղեկավարն է «Կարին» ազգագրական համույթի անդամ, պարուսույց Հարութ Բաղդասարյանը։ 

Վերջինս երիտասարդին ասել է, որ նա իրավունք չունի հայկական պարեր պարել,  քանի որ նույնասեռական է։ Բաղդասարյանն ասել է նաև, որ Խանդիկյանի նման մարդիկ «պետք է քարկոծվեն»։  

Իր հոդվածում խոսելով հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի մասին՝ Խանդիկյանը նշել է, որ ցանկացել է մարդկանց «մի քիչ ցնցել»․ «Ես հատուկ դա արեցի, որ մարդկանց մի քիչ ցնցեմ, որ մարդիկ մի քիչ զայրանան, որ հասկանան իմ զայրույթը»։

Խանդիկյանի խոսքով՝ ինքն ի սկզբանե չի ցանկացել հատուկ բարձրաձայնել իր սեռական կողմնորոշման մասին, սակայն երբ Հարութ Բաղդասարյանի կողմից  ենթարկվել է  խտրականության, որոշել է խոսել, քանի որ համարում է, որ սա միայն իր խնդիրը չէ։ 

«Մենք բոլորս պարտականություն ունենք խոսել անարդարության մասին․․․ թեև շատ դժվար է այս ազգին անդամ լինել, որպես նույնասեռական մարդ, բայց ես դեռ կսիրեմ այս ազգը և սիրում եմ անգամ ինձ ատողներին», ֊ ասել է նա։ 

Խոսելով Սփյուռքում և Հայաստանում ԼԳԲՏ+ մարդկանց նկատմամբ վերաբերմունքի տարբերության մասին՝ Խանդիկյանը նշել է, որ կապված սերունդների տարբերության հետ Սփյուռքի համեմատաբար նոր սերունդը ավելի հանդուրժող է այս հարցում, իսկ հիմնականում տարիքով մարդիկ, ինչպես նաև Հայաստանից և Միջին Արևելքի երկրներից ԱՄՆ գաղթած հայերը, խտրական վերաբերմունք ունեն։
  
Որպես գլխավոր խնդիր՝ Խանդիկյանը նշել է, որ Հայաստանում չկա ԼԳԲՏ+ անձանց և այլ փոքրամասնություններին պաշտպանող հատուկ օրենք․ «Բոլոր մարդիկ այս երկրում, լինեն հայ կամ ոչ հայ, պետք է պաշտպանված իրավունքներ ունենան»։