Հայաստանում օտարերկրյա ներդրումներն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 35 անգամ։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հիմնվելով Ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակված տվյալների վրա։
Այս տարի արձանագրվել է 1․7 միլիարդ դրամի օտարերկրյա ներդրում՝ անցած տարվա 60․1 միլիարդ դրամի փոխարեն։
«Օտարերկրյա ներդրումների այսպիսի, մեղմ ասած, գահավիժում Հայաստանում թերևս երբեք չէր արձանագրվել․․․Սա արտահայտում է մեր տնտեսության ընդհանուր իրավիճակը, որը իշխանությունը փորձում է խնամքով թաքցնել փայլեցված, դզած-փչած պաշտոնական ցուցակների հետևում», – գրում է «ՀԺ»-ն։
Թերթը նշում է նաև, որ շարունակում են նվազել նաև Հայաստան մուտք գործող մասնավոր տրանսֆերտների ծավալները։ Այս տարվա ապրիլին արտերկրից ստացված մասնավոր տրանսֆերտների ընդահանուր ծավալը կազմել է ընդամենը 50․2 միլիարդ դրամ՝ անցած տարվա ապրիլի 54․4 մլդ դրամի փոխարեն։ Ինչ վերաբերում է տրանսֆերտների արտահոսքին, այս տարվա ապրիլին Հայաստանից արտերկիր արտահոսել է 36․1 մլրդ դրամ այն դեպքում, երբ անցած տարվա նույն ամսին այդ ցուցանիշը 28 միլիարդ էր։ Այսպիսով, մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը ապրիլին կազմել է 18․6 մլրդ դրամ, անցած ապրիլի 26․4 մլրդ դրամի փոխարեն։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում