Համաշխարհային բանկի վերահսկող մարմինը թերություններ է արձանագրել Գեղարդալճից ջուրը խողովակներով Կոտայքի մարզի այլ գյուղեր տեղափոխելու նախագծում։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Գողթ գյուղի բնակիչ, ակտիվիստ Վահրամ Սեդրակյանը։ Նա հայտնել է, որ հունիսի 18-ին գողթեցիներին են հանդիպել ծրագիրը ֆինանսավորող Համաշխարհային բանկի վերահսկող մարմնի ներկայացուցիչները և լսել են նրանց բողոքը։ Հանդիպման մասնակիցներն արձանագրել են, որ ներկայացված ծրագրում իրոք թերություններ կան և խոստացել են ուղղել դրանք և հաջորդ հանդիպման ժամանակ ներկայացնել գյուղացիներին։
Հունիսի 17-ին էլ գողթեցիներին էր հանդիպել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը՝ ոլորտի մի շարք մասնագետների հետ։
«Հանդիպման ժամանակ մեզ մի բան պարզ դարձավ․ ի սկզբանե էլ մենք ճիշտ էինք հասկացել, ոչ մի նոր լիճ էլ չեն կառուցելու։ Սկզբում նրանք ասում էին, որ 1-2 տարվա մեջ նոր լիճ կկառուցեն, իսկ մինչև այդ խողովակով մեր լճից ավելցուկային ջրերը կտանեն։ Բայց մենք խոսակցությունից հասկացանք, որ ոչ մի նոր լիճ էլ չի կառուցվելու, ամեն դեպքում հիմա էդպիսի ծրագիր չկա, և մեր լճի ջուրն են տանելու», – ասել է Սեդրակյանը։ Նա ընդգծել է, որ լսելով իրենց հիմնավորումները՝ մասնագետները չեն համաձայնել գողթեցիների հետ և ասել են «դե չէ, մի տարբերակ պետք է գտնենք»։
Հանդիպման ավարտին Գողթի բնակիչներից մեկը, Սեդրակյանի փոխանցմամբ, համպատրաստից մի առաջարկ է արել, որը Գուլոյանը խոստացել է հետագայում քննարկել մասնագետների հետ։
«Ասել է՝ դե, ձեր խողովակը բերեք դրեք մեր պատվարի վրա, հենց ավելցուկային ջուր լինի, լիճը լցվի, դուք տարեք։ Էդ ժամանակ մասնագետները քմծիղաղ տվեցին, թե տենց բան հնարավոր չի, դե իրենց ձեռ չի տա երևի էդքան ծախս անեն, բայց ամեն դեպքում տարբերակ է, որը մեզ վնաս չի տա», -եզրափակել է Սեդրակյանը։
Հիշեցնենք, որ Գողթ համայնքի բնակիչները այս ամսվա ընթացքում մի քանի անգամ փակել են Գողթից դեպի Գեղարդ տանող ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Գեղարդալիճ ջրամբարի մոտ անցկացվող շինարարական աշխատանքները։ Համաձայն ՀՀ կառավարության կողմից իրագործվող ծրագրի, Գեղարդալճից ջուրը ինքնահոս ոռոգման համակարգով պետք է տեղափոխվի Կոտայքի մարզի մի քանի այլ համայնքներ ոռոգման նպատակով: Գողթեցիները, սակայն, պնդում են, որ Գեղարդալճի ջուրը չի բավարարում անգամ իրենց գյուղի հողատարածքները ոռոգելուն։ Բացի դրանից՝ գյուղացիների խոսքով՝ ջուրը իրականում այլ նպատակներով են տանում։ Մասնավորապես, որպես շահագրգիռ կողմ, նշվում է գյուղից ներքև մեծ այգիներ ունեցող, Գողթի բնակիչ Մարկոս Ղարիբյանի և Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի անունները, որը Գողթի մոտ ունի հսկայական անջրդի հողատարածքներ։