Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղյան հակամարտությունը փուլային տարբերակով լուծել։ Այս մասին ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովը։
Նա ընդգծել է, որ, համաձայն փուլային տարբերակի, սկզբում «ազատվում են հինգ շրջանները, այնուհետև ևս երկու շրջան, հետո նշվում է միջացնքը, ապա որոշվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»։ «Կողմերը համաձայնության են եկել տվյալ հարցերի շուրջ», – նշել է Մամեդովը:
Խնդրի առնչությամբ հայաստանյան պետական Armenpress լրատվական գործակալությունը հարց է ուղղել ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, որում, սակայն, ոչինչ չի ասվում շրջանների մասին․ «Իր մտքի գոհարներով հայտնի Արդբեջանի նախագահականի պաշտոնյա Նովրուզ Մամեդովը հանդես է եկել պետերբուրգյան հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններով։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ»։
Իր պատասխանում Նալբանդյանը նույնպես ոչ մի խոսք չի ասում շրջանների մասին՝ նշելով, որ «Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովին հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»։
«Այդ պաշտոնյան՝ Նովրուզ Մամեդովը, երբեք չի մասնակցել որևէ բանակցությունների։ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովը բացառություն չէր։ Վերջին հանդիպման ժամանակ նա ներկա է գտնվել միայն աշխատանքային ճաշին, որի ընթացքում քննարկվել է բացառապես միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ավելացման հարցը։
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորմանը, ապա առաջին հերթին դրա հիմքում, ինչպես բազմիցս հայտարարվել է, պետք է ընկած լինի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման ճանաչումը։
Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովին հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
Այս փուլում Ադրբեջանը պետք է անվերապահորեն կատարի Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաժողողովներին ձեռք բերված և վերահաստատված պայմանավորվածությունները՝ նախևառաջ բացառապես խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորում, 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հարգում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնում։ Այս ամենը թույլ կտա համապատասխան պայմաններ ստեղծել՝ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունները վերսկսելու համար», ֊ մեկնաբանության մեջ նշել է ՀՀ ԱԳ նախարարը։