Ոստիկան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանի գործով անցնող վկա Վարդան Ապրեսյանն այսօր դատարանում իրար հակասող վկայություններ է տվել:Այս մասին ասել է Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Կենտրոն և Նորք Մարաշ շրջանների առաջին ատյանի դատարանում կայացած դատական նիստի ժամանակ Սաֆարյանը և վերջինիս փաստաբան Տիգրան Հայրապետյանը հարցեր են ուղղել ոստիկան Ապրեսյանին: Հարցերին ոստիկանը պատասխանում էր շատ ցածր և կցկտուր, հարցերի մի մասի դեպքում էլ ասում էր, թե չի հիշում ինչ է տեղի ունեցել: Սաֆարյանը նկատել է, որ վկան զարմանալիորեն հիշում է մեղադրականում նշված իր կողմից Խաչատրյանին հասցրած հարվածի բոլոր մանրամասները, չի հիշում դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները:
Ապրեսյանի վկայությունը չի համընկել նաև գործով որպես տուժող անցնող Գեղամ Խաչատրյանի ցուցմունքի հետ: Վկա ոստիկանը հավաստիացրել է, որ դեպքի օրը՝ Ամանորի գիշերը, ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանները չեն հարվածել և չեն հայհոյել նրանց, այնինչ Խաչատրյանն ավելի վաղ խոստովանել էր, որ ինքը հայհոյել է և պատասխան գործողություններ է իրականացրել Սաֆարյանի նկատմամբ՝ մարտական հնարքներ կիրառելով:
Տիգրան Հայրապետյանը նշել է, որ ցուցմունքների ակնառու հակասություններն ապացուցում են քրեական գործի կեղծ լինելը: Հակասություններն ավելի վառ ցույց տալու համար նա խնդրել է հրապարակել Ապրեսյանի նախաքննական ցուցմունքները: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է միջնորդությունը՝ նշելով, որ դրանք կհրապարակվեն վաղվա նիստին:
Նիստի ավարտից հետո Գևորգ Սաֆարյանը, պատասխանելով Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության մասին լրագրողի հարցին, ասել է, որ նրանք, ովքեր պայքարում են արդարության համար, հայտնվում են ճաղերի հետևում:
Հիշեցնենք, որ ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը այս տարվա հունվարի 1-ին բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը): Նա մեղադրվում է ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ: Մեղադրանքն առաջադրվել է միմիայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա։