ՀՀ կենտրոնական բանկի պահվածքը դադարում է էկզոտիկ լինելուց։ Չափազանցրած չենք լինի, եթե պնդենք, որ այդ պահվածքը արդեն շոշոփում է մեր երկրի անվտանգությունը, իր այսօրվա համարի «Կենտրոնական բանկը սպանում է տնտեսությունը» առաջնորդողում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
«Խոսքը իհարկե, այսպես կոչված, վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին է։ ԿԲ-ն այսօր ունի բոլոր հնարավորությունները վարկերի տոսկոսները կտրուկ նվազեցնելու և դրանով Հայաստանի տնտեսությունը աշխուժացնելու համար, բայց սկզբունքորեն չի գնում դրան։ Երեկ ԿԲ խորհուրդը որոշել է այդ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել չնչին չափով՝ 0․25 տոկոսով և սահմանել այն 7․5 տոկոս։ Իսկ դա նշանակում է․ որ վարկերի տոկոսները Հայաստանում գրեթե չեն նվազի, ու բանկերը իրենց հաճախորդ տնտեսվարողներին կշարունակեն առաջարկել վարկեր 16, 20 նույնիսկ 24 տոկոսով։
Այսպիսի աստղաբաշխական տոկոսներով վարկերը որևէ կերպով չեն կարող նպաստել տնտեսության աշխուժությանը։ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ օտարերկրյա ներդրումները կտրուկ նվազել են, ինչը տնտեսության մեջ «թթվածնային» քաղց է ստեղծել։ Այդ պայմաններում տնտեսությանը տրվելիք «թթվածնի» միակ աղբյուրը դառնում է ներքին ներդրումները, որոնք հենց տնտեսվարողների վերցրած վարկերն են։ Գործարարները հենց այդ վարկերը պետք է վերածեն ներդրումների և ուղղեն դրանք իրենց բիզնեսների արդիականացմանը և ընդլայմանը։ Իսկ դրանք այնպիսի բարձր տոկոսներ ունեն, որ դրանցով թերևս կարելի է միայն զբաղվել թմրամիջոցների և զենքի անօրինական վաճառքով։ Ոչ մի բիզնես չի կարող զարգանալ, եթե վերցրած վարկի դիմաց տարեկան 16, 20 կամ 24 տոկոսանոց վարկ է փակում։ Արդեն այսօր բանկերի կողմից բիզնեսին տրամադրած վարկերի մոտ 14 տոկոսը պաշտոնապես «մեռած» են, կոչվում են «չաշխատող վարկեր»։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի կտրուկ նվազեցումը, որը բերելու է նաև բանկերի տված վարկերի էժանացմանը, իհարկե, կարող է հանգեցնել դրամի փոքր-ինչ արժեզրկմանը և գների փոքր աճի։ Եվ դա այն չնչին գինն է, որ մենք պետք է վճարենք հանուն ՀՀ տնտեսության աշխուժացման։ Ընդ որում, հիմա մեզ մոտ, ըստ նույն ԿԲ խորհրդի, արձանագրվում է ոչ թե գնաճ, այլ գնանկում՝ ավելի քան 2 տոկոս։ Այսինքն՝ Կենտրոնական բանկը հրաշալի հնարավորություններ ունի նվազեցնել վարկերի տոկոսները և գնաճը բերել ՀՀ օրենսդրությամբ սահմանված մակարդակի՝ միջինը 4 տոկոս», ֊ նշում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում