Հուլիսի 14-ի երեկոյան Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով մահացել է 84 մարդ։ Այս տվյալները հրապարակել է Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը։ 100֊ից ավել մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել։
Դեպքը տեղի է ունեցել Նիսի կենտրոնում. բեռնատար մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ։ Քաղաքի այդ հատվածը մարդաշատ է եղել. հարյուրավոր քաղաքացիներ և զբոսաշրջիկներ փողոցում տոնում էին Ֆրանսիայի ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը։ Ականատեսների պնդմամբ՝ բեռնատարը միտումնավոր ոլորապտույտներով էր շարժվում ավելի մեծ թվով մարդկանց հարվածելու համար։
Բեռնատարի վարորդին գնդակահարել են ոստիկանները, մեքենայի մեջ գտել են նաև նռնակներ և հրազեն։ Ոստիկանությունն առայժմ չի հայտնում բեռնատարի վարորդի անունը, նշվում է միայն, որ գրոհայինը 31-ամյա ֆրանսիացի է թունիսական ծագումով։ Դեռևս պարզ չէ՝ արդյոք նա միայնակ է իրականացրել ահաբեկչական գործողությունը։
Առայժմ ոչ մի խմբավորում իր վրա պատասխանատվությունը չի վերցրել ահաբեկչության իրականացման համար։