Home / Հայաստան / Քաղաքացիականով ոստիկանները լրագրողին խոստացան, որ էլի կծեծեն

Քաղաքացիականով ոստիկանները լրագրողին խոստացան, որ էլի կծեծեն

Լրագրող Գեւորգ Թոսունյանը ծեծի է ենթարկվել հուլիսի 21-ին՝ Խորենացի փողոցում ընդդեմ ցուցարարների  ոստիկանական գործողությունները լուսաբանելու ժամանակ:

«Առավոտ» թերթի հետ զրույցում Iravaban.net -ի լրագրողը պատմել է, որ գիշերը՝ 03:30-ի սահմաններում, Խորենացի փողոցից իջել է Տիգրան Մեծի պողոտա, որտեղ կամուրջի տակ ոստիկանական շարասյուն է նկատել, իսկ նրանցից մի քանի մետր հեռավորության վրա 6 ակտիվիստներ են եղել: Հետո նա ականատեսն է դարձել, թե ինչպես քաղաքացիական հագուստով ուժայինները քարեր են շպրտում Խորենացի փողոցից քշված հավաքի մասնակիցների ուղղությամբ:

«Այդ մարդիկ սկզբից ասում էին՝ անջատի, ես զգացի, որ ագրեսիվ են, ասացի՝ լա՛վ, անջատում եմ, ու անջատեցի: Գնում էի պողոտայով, ցանկանում էի դուրս գալ շարքից, մարդիկ ասում էին՝ ջնջի՛, ջնջի՛, ասացի՝ չեմ ջնջելու»:

Թոսունյանի խոքով, դրանից հետո իրենք հասել են մինչեւ Հայէկոնոմբանկի շրջակայք, որտեղ այդ անձինք շարունակել են պահանջել, որ լրագրողը ջնջի իր նկարահանումները, ինչից հետո նրան գցել են գետնին ու սկսել ծեծել: « 6-7 հոգի կլինեին, սկսեցին ինձ հարվածել: Հարվածել են հիմնականում մեջքիս: Այդ ընթացքում կարողացա վեր կենալ, մոտենալ բանկի մոտ: Մուտքին ինչ-որ տղամարդ էր կանգնած, ասացի, որ այս մարդիկ ուզում են ինձ վնասել, թողե՛ք ներս, որովհետեւ իսկապես մտածում էի, որ ուզում էին ինձ վնասել. ես իրենց ասել էի, որ հիշողության քարտը ձեզ կտամ, իսկ իրենք գցել էին գետնին ու ծեծում էին: Այդ մարդն ասաց՝ հիշողության քարտը տուր, կպրծնես: Երբ որ իրենք ինձ ծեծել էին իմ տեսախցիկն ընկել էր, ես պտտվեցի իրենց կողմ, տեսա, որ իրենցից մեկի մոտ է տեսախցիկը, ասացի, որ տա, տվեց, հիշողության քարտը հանեցի տվեցի ու շարունակեցի: Իրենցից մի քանիսը փորձում էին գալ, ասում էին՝ կարո՞ղ ա ուրիշ բան էլ կա, ասացի՝ չէ՛, ուրիշ բան չկա, հետեւից էլ ասացին՝ էլ ակցիաներին չերևաս, ու սպառնացին, որ էլի կծեծեն»:

Թոսունյանը համոզված է, որ հարվածողները քաղաքացիական հագուստով ոստիկաններ են եղել, քանի որ ակցիայի մասնակիցների ուղղությամբ էին քարեր նետում և սպառնում էին, որ այևս չգա ցույցերին:

Լրագրողը, չնայած համոզված չէ, թե կբացահայտվի, որ ոստիկաններ են եղել իրեն ծեծողները, սակայն կատարվածի կապակցությամբ ոստիկանություն հաղորդում է տվել և գնացել դատաբժշկական փորձաքննության: