«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանը (լուսանկարում՝ ձախից), որը ոստիկանության արձակած կրակոցներից անցած գիշեր ծանր վիրավորում էր ստացել, կալանավորվել է երկու ամսով: Այս մասին քիչ առաջ որոշում է կայացրել Կենտրոն և Նորք Մարաշ համայանքների ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով ԱԱԾ-ի միջնորդությունը:
Արամ Մանուկյանը, ինչպես նաև նրա հայրը՝ Պավել Մանուկյանը, ով նույնպես ծանր հրազենային վնասվածք էր ստացել, մեղադրվում են երկու քրեական հոդվածներով՝ ապօրինի զենք ձեռք բերել, պահել, օգտագործել և շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ գրավել:
Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը նշել է, որ Հայաստանի արդարադատության համակարգի պայմաններում, ինքը չէր էլ կարող այլ վճիռ ակնկալել՝ հաշվի առնելով, որ միջնորդությունն ԱԱԾ-ն էր ներկայացրել:
Ինչ վերաբերում է Պավել Մանուկյանին, ապա վերջինս ցանկություն է հայտնել մասնակցել իր կալանավորման միջնորդության քննարկմանը, այդ իսկ պատճառով այդ դատական նիստըւ կնշանակվի մոտ օրերիս, երբ Մանուկյանը ի վիճակի լինի դուրս բերվել հիվանդանոցից: Պավել Մանուկյանն ու նրա որդին 18 ժամ առաջ վիրահատության են ենթարկվել: