Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Պավել Մանուկյանը, ով գտնվում է Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին, որտեղ քննվելու է նրա նկատմամբ խափանման միջոցի հարցը: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:
Պավել Մանուկյանն ու նրա որդին ծանր վիրավորվել էին անցած գիշեր:
«Ես ուղղակի ձեզ հայտնում եմ իր կամաարտահայտությունը: Ճիշտ է՝ ես չեմ պատկերացնում… իր վիճակից ելնելով… երկու ոտքերին ունի ծանր հրազենային վնասվածք և երկաթներով հավաքած են ոտքերը, ոնց պետք է տեղափոխվի դատարան», – ասել է փաստաբանը:
Կենտրոն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննարկվելու է գործով քննիչի միջնորդությունը՝ Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց կալանք սահմանել: Որդին, սակայն, հրաժարվել է մասնակցել նիստին: Նույն միջնորդության քննարկումը Պավել Մանուկյանի դեմ կքննարկվի հավանաբար վաղը:
Պետրոսյանը տեղեկացրել է, որ Մանուկյանների դեմ քրեական գործ է հարուցվել երկու քրեական հոդվածներով՝ ապօրինի զենք ձեռք բերել, պահել, օգտագործել և շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ գրավել:
Ինչ հոգեվիճակում է գտնվում Պավել Մանուկյանը. նրա փաստաբանն ասում է, որ նա մարտական է տրամադրված. «Ասաց՝ իմ ժողովրդին փոխանցեք, որ կպայքարեմ, կմեռնեմ իմ ժողովրդի ոտքերի տակ»:
Նշենք նաև, որ Պավել Մանուկյանը հացադուլ է հայտարարել: