Գյումրու Ավագանու անդամ, Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը քննիչի որոշմամբ ազատ է արձակվել։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը։
«Ոստիկանությունը նրա մոտ հայտնաբերված դանակը ուղարկել էր քրեակագիտական փորձագիտություն։ Այսօր ստացվել է եզրակացությունը, համաձայն որի Բարսեղյանի մոտ հայտնաբերված դանակը սառը զենք չէ։ Ապացույցնենրի համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել արգելանքից ազատել Բարսեղյանին»,֊ ասել է Տռուզյանը։
Հիշեցնենք, որ Բարսեղյանը բերման էր ենթարկվել հուլիսի 27-ին ժամը 03:30-ի սահմաններում, Երևանի Խորենացի փողոցում կայացած բազմամարդ հանրահավաքից հետո, որի ընթացքում նա ևս ելույթ էր ունեցել։ Ի տարբերություն այդ օրը բերման ենթարկված այլ 63 քաղաքացիների՝ Բարսեղյանը մի քանի ժամվա ընթացքում ազատ չէր արձակվել։ Բարսեղյանից լուր չունենալով՝ իրավապաշտպանները մտահոգություն էին հայտնել, թե անհայտ է՝ որտեղ է Բարսեղյանը։ Այս հայտարարությունից հետո Քննչական կոմիտեն տեղեկություն էր տարածել, թե Բարսեղյանի մոտ հայտնաբերվել է ապօրինի սառը զենք։
Սոնա Տռուզյանը մեզ հետ զրույցում հերքեց, թե Բարսեղյանի դեմ քրեական գործ էր հարուցվել. նրա խոսքով՝ դեռ նյութեր էին նախապատրաստվում, և Բարսեղյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշում չկար։
Մինչ Բարսեղյանը կազատվեր 35 ժամ ձերբակալված լինելուց հետո՝ նրան ապօրինի ազատությունից զրկելը միավորել էր մոտ 20 լրագրողական և իրավապաշտպանական կազմակերպությունների։ Նրանք երեկ հայտարարել էին․
«Մենք՝ ներքոստորագրյալներս, համոզված ենք, որ մեր գործընկերոջ նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է, իսկ իբրև սառը զենք որակված դանակի առկայության փաստը՝ ընդամենը նրա ակտիվ հասարակական գործունեության, ինչպես նաև Խորենացի փողոցում տեղի ունեցող հանրահավաքներին մասնակցելու, իսկ վերջին օրը նաև այն վարելու համար Լևոն Բարսեղյանին «պատժելու» պատրվակ է։ Փաստորեն, մեր գործընկերը իրավապահ մարմինների կամայական գործողությունների թիրախավորված զոհ է դարձել քաղաքացիական դիրքորոշման համար։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ պահանջում ենք.
– իրավապահ մարմիններից՝ անհապաղ կարճել հարուցված քրեական գործը եւ ազատ արձակել Լեւոն Բարսեղյանին,
– իշխող քաղաքական վերնախավից՝ դադարեցնել բռնությունները ցուցարարների ու ակտիվ քաղաքացիների նկատմամբ, եւ իրավապահների գործողությունները վերադարձնել օրինական դաշտ։