Սարի թաղում ոստիկանների կողմից դաժանորեն ցույցը ցրելուց հետո Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տարել հորը, ով արմունկի ոսկրի վնասվածք է ստացել:
Արդեն հիվանդանոցում քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել են Դավիթ Սանասարյանին, ներկայացել են որպես ոստիկան՝ փորձելով Սանասարյանին բերման ենթարկել: Վերջինս ասել է, որ իր հայրը վնասվածքով հիվանդանոցում է և ինքը հիմա չի կարող բաժին գնալ, խնդրել է վաղը ծանուցագիր ուղարկել, որից հետո ինքը պատրաստ կլինի ներկայանալ:
Քաղաքացիական հագուստով անձինք, սակայն սկսել են քարշ տալ Սանասարյանին, ում ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նա ուշագնաց է եղել, բայց նրան շարունակել են քաշել միջանցքով:
Սանասարյանի ծնողները և բժիշկները կարողացել պահել նրան, սակայն ոստիկան ներկայացածները չեն հեռացել հիվանդանոցից, անգամ այն բանից հետո, երբ տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: