հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Սասնա ծռերի» աջակիցներն այսօր գնացին «դեպի Բաղրամյան». Խորենացին դատարկ մնաց

«Սասնա ծռերի» աջակիցներն այսօր գնացին «դեպի Բաղրամյան». Խորենացին դատարկ մնաց

ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի աջակիցները, որոնք օրեր շարունակ հավաքներ են անցկացնում Խորենացի փողոցում, Երևանի կենտրոնից հեռու չեն գնացել: Ինչպես և հուլիսի 27-ին, մարդիկ երեկոյան հավաքվել են Ազատության հրապարակում, բայց, ի տարբերություն նախորդ օրվան, երթով Խորենացի փողոց չեն գնացել:   

Ազատության հրապարակում ցուցարարները երկար ժամանակ որոշում էին, թե ինչ երթուղով կարելի է երթ անցկացնել:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով նաև հանրահավաքները համակարգող խմբի անդամ է, քաղաքացիներին առաջարկել է գնալ դեպի Բաղրամյան պողոտա, ինչը մարդկանց մի մասի դուրը չի եկել:  Կարծիքներ են հնչել, որ պետք է կրկին գնալ Խորենացի փողոց, քանի որ «Սասնա ծռերի» վրա կարող են ամեն րոպե հարձակվել:

Այնուամենայնիվ, համակարգող խումբը երթը տարել է Բաղրամյան պողոտայի ուղղությամբ: Այդ պահին տեղացող ուժեղ անձրևի պատճառով ցուցարաների թիվը նկատելիորեն պակասել է: Մարդիկ կանգնել են Մաշտոցի պողոտայի և Սայաթ-Նովայի փողոցի հատման կետում ու երթևեկությունն այնտեղ մի պահ դադարեցվե էլ:

Ոստիկանները փակել են մարդկանց ճանապարհը, իսկ Մարտիրոսյանը հայտարարել է, թե ինքն ասել էր գնում են «դեպի Բաղրամյան պողոտա», ոչ թե «Բաղրամյան պողոտա»:

Ի վերջո, մարդիկ վերադարձել են Ազատության հրապարակ: Մարտիրոսյանն ասել է, թե «Սասնա ծռեր» խմբի անդամներն իրենց ճիշտ կհասկանան, եթե մարդիկ այժմ գնան տուն, քանի որ բոլորը թրջվել են և հնարավոր է հիվանդանան: Նա նշել է, որ իրենք քաղաքացիական անհնազանդության ակցիա են անցկացրել և վաղը կրկին հավաքվելու են 19:00-ին:

Մինչ Ազատության հրապարակում հավաքվածները քննարկում էին անելիքները, Խորենացի փողոցում կրկին ոստիկանների պատ էր շարվել էր: Ցուցարարները, սակայն, այդպես էլ չերևացին: 

«Սասնա ծռեր» խմբի անդամները հուլիսի 17-ից գտնվում են գրաված ՊՊԾ գնդի տարածքում: Վերջին օրերին իշխանությունները նրանց սնունդ չեն փոխացնում:

Լուսանկարում՝ ոստիկանները Խորենացի փողոցում