հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / «Սասնա ծռերի» վիրավոր անդամներին անտանելի պայմաններում են պահում. փաստաբաններ

«Սասնա ծռերի» վիրավոր անդամներին անտանելի պայմաններում են պահում. փաստաբաններ

Հուլիսի 26-ին, ժամը 02:00-ի սահմաններում ՊՊԾ գնդի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ հրազենային վիրավորում ստացած  «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը (լուսանկարում) «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում անտանելի պայմաններում է պահվում:   

Այս մասին Hetq.am կայքի հետ զրույցում ասել է Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը, ով այսօր կարողացել է այցելել իր պաշտպանյալին: Փաստաբանի խոսքով` Հովհաննեսն աջ ոտքի երկու հատվածներում ստացած հրազենային վիրավորումից պարբերաբար ցավեր է ունենում, սակայն  բժիշկները շատ չեն ցավազրկում, որպեսզի հիվանդը չափից ավելի մորֆին չընդունի։

Սարգսյանին հատկապես մտահոգել են հիվանդասենյակի սանիտարահիգիենիկ պայմանները։ Նրա խոսքով՝ Հովհաննեսի հիվանդասենյակում մոծակներ և խավարասերներ կան, իսկ սենյակի անկյուններում աղբ է եղել թափված, որը հավաքվել են միայն փաստաբանի զգուշացումից հետո։ 

Հովհաննեսն իր փաստաբանին պատմել է, որ ողջ գիշեր չի կարողացել քնել, քանի որ խավարասերները բարձրացել էին իր բաց վերքի վրա։

Նշենք, որ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219 րդ հոդված 3-րդ մաս 1-ին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով, այն է՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից:

Հարությունյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում և փաստաբանը պատրաստվում է վերաքննիչ ատյանում բողոքարկել նրա նկատմամբ երկամսյա կալանքի որոշումը: Նա նշել է, որ կալանավորման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Հարությունյանը կարող է փախուստի դիմել, ինչն անհիմն է, քանի որ Հովհաննեսը երկու ոտքից վիրավոր է ու չի կարող քայլել, իսկ այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ Հովհաննեսն ունի ևս մեկ վիրահատության կարիք:

 «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում է  նաև հուլիսի 27-ին ոստիկանների կողմից վիրավորված «Սասնա ծռեր» խմբի մեկ այլ անդամ Արամ Մանուկյանը:

Նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը Azatutyun.am-ի հետ զրույցում նշել է, որ Մանուկյանի վիճակը շարունակում է ծանր մնալ: Փաստաբանի հավաստմամբ՝ Մանուկյանը հիվանդանոցում պատշաճ բուժօգնություն չի ստանում և անմխիթար վիճակում է գտնվում:

«Ամբողջ այդ սենյակը գտնվում էր խոնավության մեջ, պատերը բորբոսնած էին: Ինձ թվում է ճիշտ չէր նրա տեղափոխումն այս փուլում, որովհետև վիրահատությունից նույնիսկ 24 ժամ չէր անցել, հետվիրահատական սննդի պահպանման ռեժիմ անգամ չկա՝ ուղղակի սև, չոր հաց, մեծ կտորով պանիր և կարագ էր դրված նրա կողքը, որից նա նույնիսկ օգտվելու հնարավորություն, ըստ էության, չուներ», – կայքի հետ զրույցում ասել է փաստաբանը:

Ինեսսա Պետրոսյանը նշել է, որ պատրաստվում է Արամ Մանուկյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու միջնորդություն ներկայացնել դատարան։ Մանուկյանը մեղադրվում է նույն հոդվածներով, ինչ Հովհաննես Հարությունյանը և նույնպես մեղադրանքները չի ընդունում: