Ինժեներ, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով երեկ տասնյակ այլ քաղաքացիների թվում բերման է ենթարկվել Խորենացի փողոցից, ծաղրուծանակի և նվաստացուցիչ վերաբերմունքի է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից թե՛ բերման ենթարկվելու ընթացքում, թե՛ ոստիկանության Կենտրոնի բաժնում։ Epress.am-ի հետ զրույցում Գասպարին պատմել է, որ երբ իրեն մտցրել են ոստիկանական մեքենայի մեջ, մոտեցել է ՀՀ փոխոստականապետ Լևոն Երանոսյանը։
«Նա սկսեց սադրել, թե՝ տեսախցիկների առջև լավ ես խոսում, խի ձենդ հիմա դուրս չի գալիս։ Ես, իհարկե, չպատասխանեցի։ Ապա ինձ տեղափոխեցին «Գազելներից» մեկում կառուցված խցիկի մեջ, որը շատ փոքր էր, այնքան փոքր, որ ոտքերս չէին տեղավորվում, ու ոստիկանները ստիպեցին ոտքերս դեպի առաստաղ բարձրացնել։ Երկու տակ ծալված էի, տևական ժամանակ իմ վնասված ողնաշարով այդ դիրքում մնացի, մինչև մեքենան շարժվեց ու տարավ ինձ բաժին։ Այնտեղ էլ ինձ քարշ տալով, ծաղրելով տարան շենքի ներս, ասում էին՝ «բավական է կապիկություն անես», «դու կլյաուզնիկ ես, ինչ էլ անենք գրելու ես [մեր դեմ]»։ Ոստիկանությունում ինձ պահեցին մինչև երեկոյան 10-ը։ Դրել էին հատակին միջանցքում, ծաղրուծանակը շարունակեցին այնտեղ էլ։ Զուգարանից դուրս եկող ոստիկանները կողքովս անցնելիս թաց ձեռքերը վրաս էին թափ տալիս, երբ աչքերս փակած վիճակում էի։ Երբ աչքերս բացում էի, ձևացնում էին, թե իրենք չեն։ Նրանք կիրառում էին նույն մեթոդները, ինչ ես «Նուբարաշենի» բանտում տեսել էի, նույն գողական թափթփուկները, նույն գողական հոգեբանությամբ», ֊ ասել է Գասպարին։
Նրա խոսքով՝ 22։00-ի սահմաններում իրեն դուրս են հանել ոստիկանությունից և տարել են Կենտրոնի բաժնի ետնամասում գտնվող աղբանոց՝ թողնելով գետնին։
Ինժեները նշում է, որ այս առավոտյան ինքը ակցիա է անցկացրել Բաղրամյան֊Դեմիրճյան խաչմերուկում․ այդ տեղով աշխատանքի է գնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Գասպարիի ձեռքին պաստառ է եղել, որի վրա 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի լուսանկարները՝ «Սերժիկ, սրիկա», «Սերժիկ, մարդասպան» գրությամբ։
«Սերժ Սարգսյանը շքախմբով անցավ, եթե ոչ ինքը, ապա նրա մեքենաներն էին, պահակախումբը։ Ինձ շատ լավ տեսան, իմացան՝ ինչ է մտածում Սարգսյանի մասին Հայաստանի քաղաքացիներից մեկը», ֊ նշել է Գասպարին։
Նա հավելել է, որ այսօր երեկոյան կրկին գնալու է Խորենացի փողոց ակցիա անցկացնելու՝ ի աջակցություն հուլիսի 17-ին Էրեբունի համայնքի ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների։