ՊՊԾ գնդի տարածքից այսօրն դուրս են հանվել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Ռուբեն Գրիգորյանն ու Գևորգ Մելքոնյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը՝ չնշելով, թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել:
Այս ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր առավոտյան «Սասնա ծռերի» անդամ Սեդրակ Նազարյանը հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում և հիվանդանոց տեղափոխվել:
«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության փոխանցմամբ՝ խմբի մեկ այլ անդամ Էդուարդ Գրիգորյանը (լուսանկարում), ով, որոշ տեղեկությունների համաձայն, երկու օր առաջ տեղափոխվել էր «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, անհայտ կորել է:
Փաստաբանները փորձել են նրան փնտրել Երևանի հիվանդանոցներում, սակայն չեն գտել:
«Սասնա ծռեր» խմբի ֆեյսբուքյան էջում դեռ երկու օր առաջ գրառում էր եղել, համաձայն որի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում Գրիգորյանի գտնվելու փաստն արձանագրող լուսանկար և տեսագրություն կա: 2 օր առաջ Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետևանքով «Գրիգոր Լուսավորիչ» տեղափոխված հիվանդներից մեկը Epress.am կայքի հետ զրույցում պատմել է, որ վերակենդանացման բաժանմունքում ձեռնաշղթաներով մարդ է եղել:
«Հիմնադիր խորհրդարանը» պահանջել է պատկան մարմիններից ստույգ տեղեկություն տալ Գրիգորյանի գտնվելու վայրի մասին և զգուշացնում, որ նրա անհետացման և դրա հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է Սերժ Սարգսյանի վրա:
Իր հերթին, Ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այս օրերին զինված խմբի անդամներից ոչ մեկը «Գրիգոր Լուսավորիչ» չի տարվել: Նա, սակայն, չի նշում, թե որտեղ է գտնվում Գրիգորյանը և արդյոք նա վիրավոր է եղել: