Home / Բանտ / «Նուբարաշենում» մահացած կալանավորի գործը կարճել են. կինը պնդում է՝ ամուսնուն սպանել են

«Նուբարաշենում» մահացած կալանավորի գործը կարճել են. կինը պնդում է՝ ամուսնուն սպանել են

«Նուբարաշեն» ՔԿՀ֊ում պահվող կալանավոր Մխիթար Սարգսյանին ինքնասպանության հասցնելու գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հանգուցյալի կինը՝ Սաթենիկ Հովսեփյանը՝ պնդելով, որ ինքնասպանության մասին խոսք լինել չի կարող․ իրականում ամուսնուն սպանել են։ Մխիթար Սարգսյանին կախված վիճակում գտել էին 2016 թվականի մարտի 1-ին՝ «Նուբարաշենի» լոգարաններից մեկում։

«Քննչականից թուղթ է եկել, թե գործը փակել են։ Թղթի մեջ ասում ա՝ և՛ կասկածում ենք, որ ինքնասպանություն է եղել, և՛ հնարավոր է, որ սպանել են։ Բայց քանի որ ոչ մի հիմք չկա, գործը կարճում ենք», – ասել է Հովսեփյանը։ Կինը նշել է, որ պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան՝ գործը վերաբացելու համար․ «Էս գործը սենց չի մնալու, սենց չեմ թողնելու»։

Մխիթար Սարգսյանի գործի մասին մարտին բարձրաձայնել էր ինժեներ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին։ Նա համոզմունք էր հայտնել, որ Սարգսյանը ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են իրեն «ոչ բավարար ջանասիրությամբ» խոշտանգելու համար:

Հանգուցյալի կինը մեզ հետ զրույցում ասել էր, որ ամուսինը կապ չի ունեցել Գասպարիին խցում խոշտանգելու հետ և իրականում ամուսնուն սպանել են, քանի որ «իր վրա չի վերցրել» Գասպարիին ծեծելու մեղքը: Սաթենիկ Հովսեփյանն ընդգծել էր, որ ամուսինը բանտից պետք է ազատ արձակվեր մահվանից 2 օր անց. դա ևս մեկ ապացույց է այն բանի, որ Սարգսյանը չէր կարող ինքնասպան լինել։