Դատարանների գործողությունները խրախուսում են ընտանեկան բռնությունը, քննության ժամանակ հաշվի չեն առնվում խստացուցիչ հանգամանքները։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է փաստաբան Սեդա Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը չեն նվազել։
«Ես անձամբ մի անգամ ականատես եմ եղել, երբ կինը եկել էր դատարան և ասում էր, որ ցանկանում է բաժանվել, քանի որ ամուսինը ծեծում է։ Դատավորն էլ ասաց՝ հա ինչ անենք, ես էլ իմ կնոջն եմ ծեծում։ Էլ ի՞նչ սպասես նման դատարանից։ Այս կարծրատիպը մեր հասարակության մեջ էլ կա, դրա համար շատ հաճախ ամուսնու կողմից կնոջը սպանելու հանգամանքը փորձում են արդարացնել՝ իբր խանդի հողի վրա է եղել և այլն», – ասել է Սաֆարյանը։
Անդրադառնալով 2015 թվականի սեպտեմբերին նախկին ամուսնու կողմից դաժանաբար սպանված 38-ամյա Հեղինե Դարբազյանի դեպքին՝ փաստաբանը նշել է, որ գործով կայացած վճիռը չի բավարարում տուժող կողմին։ Սաֆարյանը, ով եղել է տուժողի իրավահաջորդի փաստաբանը, ընդգծել է, որ հաշվի չեն առնվել ծանրացուցիչ հանգամանքները։
Նա ընդգծել է, որ դատարանը դեպքը դիտարկել է որպես սպանություն և հաշվի չի առել տարիների ընթացքում ամուսնու կողմից կնոջը բռնության ենթարկելու հանգամանքը․ «Դատարանը Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրել քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել) և ազատազրկել 11 տարի 6 ամիս ժամկետով: Սակայն Առաքելյանը տարիներ շարունակ Հեղինեին դաժանաբար ծեծի է ենթարկել։ Սպանությունը նույնպես պարունակում է առանձնակի դաժանության տարրեր, որոնք պետք է խստացնեին պատիժը: Առաքելյանը պետք է դատվեր 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առանձնակի դաժանությամբ սպանություն)»։
Փաստաբանը նշել է, որ իրենք առայժմ չեն բողոքարկի վճիռը, քանի որ տուժողի հարազատները ծանր հոգեբանական վիճակում են գտնվում․ «Նրանք ուզում են հնարավորինս շուտ պրծնեն այս ամենից, ես էլ հավանաբար կսպասեմ՝ մի քիչ հանգստանան, նոր կսկսեմ բողոքարկման գործընթացները»։
Սաֆարյանի խոսքով՝ նման դաժանությամբ սպանություն կատարող մարդիկ պատահական չէ որ այդպիսին են, քանի որ նրանք մեծանում են մի արժեհամակարգում, որտեղ դաժանությունը սովորական երևույթ է․ «Հեղինե Դարբազյանի ամուսինը՝ Արտակ Առաքելյանը, նույնպես մեծացել էր նման ընտանիքում։ Նրա հայրը մարդ էր սպանել։ Ես մտավախոթյուն ունեմ, որ նրա որդին, ով նույնպես դաժանության մեջ է մեծացել, նույն արժեհամակարգը կունենա»։
Նշենք, որ 2015 թվականի սեպտեմբերին Մալաթիա տոնավաճառի վարագույրների վաճառքի տաղավարներից մեկում Առաքելյանը դաժանաբար սպանել է նախկին կնոջը՝ 38-ամյա Հեղինե Դարբազյանը: Արտակ Առաքելյանը, որսորդական դանակով նախ կտրել էր Հեղինե Դարբազյանի կոկորդը, ապա նույն դանակով 30 հարված հասցրել։
Ասուլիսին ներկա «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լիդա Մինասյանի խոսքով՝ այս խնդրում զգալի փոփոխություններ կարող են լինել, եթե ընդունվի
«Ընտանեկան բռնության դեմ» օրենքի նախագիծը միջազգային բոլոր չափանիշներով։
Մինասյանը համոզված է՝ օրենքի ընդունումը կնպաստի ընտանեկան բռնությունների դեպքերի նվազմանը։ Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ այս օրենքի ընդունման շնորհիվ էական փոփոխություններ կկատարվեն նաև քրեական օրենսգրքում։