Home / Հայաստան / Նոր վարչապետի նշանակումը չի փոխի իշխանության հանդեպ վերաբերմունքը

Նոր վարչապետի նշանակումը չի փոխի իշխանության հանդեպ վերաբերմունքը

Հայաստանի վարչապետի հրաժարականն ու այդ պաշտոնին «Գազպրոմ Արմենիա»֊ի նախկին գլխավոր կառավարիչ ու Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի նշանակումը (պաշտոնապես պաշտոնը զբաղեցրել է այսօր՝ սեպտեմբերի 13-ին֊խմբ․) կանխորոշեցին մի շարք գործոններ, և առաջիկա խորհրդարանական ընտրությունները դրանցից միայն մեկն են։ Այս մասին «Էխո Կավկազա»֊ի հետ զրույցում ասել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ իշխող կուսակցությունը պետք է որքան հնարավոր է թուլացնի իշխող վերնախավի ու հասարակության միջև առաջացած լարվածությունը․

«Այդ առումով, Հայաստանում կարճ ժամանակ ղեկավար պաշտոն զբաղեցրած ու իրեն վարկաբեկել չհասցրած անձի նշանակումը չափազանց կարևոր փիառ քայլերից մեկն է։ Դա, սակայն, չի նշանակում, որ իշխող կուսակցության ներսում տեղի է ունեցել ուժերի լուրջ վերաբաշխում։ Կարծում եմ՝ այնտեղ պահպանվել են հիմնական բոլոր խմբավորումները, ընդ որում, լրջագույն ազդեցություն է շարունակում ունենալ արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի շուրջ միավորված խմբավորումը։ Համոզված եմ, որ այն ընտրությունների կազմակերպման, բոլոր հասանելի, այդ թվում՝ ապօրինի միջոցներով ձայների ապահովման առումով լրջագույն դեր է ունենալու, հետևաբար, որևէ ակնհայտ կոնֆլիկտ պետք չէ ակնկալել։ Տվյալ խմբավորման, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանի ռեսուրսն օգտագործվելու է, որպեսզի Հանրապետական կուսակցությունը կարողանա նվազագույն խնդիրներով պահպանի իշխանությունը։ Նաև կարծում եմ, որ, հաշվի առնելով Հովիկ Աբրահամյանի առանցքային դերը տարատեսակ ընտրական գործընթացներում, նրան նույնպես որոշակի երաշխիքներ են տրվել առ այն, որ նա դուրս չի մնա հայաստանյան քաղաքականության ու բիզնեսի ամենազդեցիկ մարդկանց շարքերից»։

֊ Այսինքն, այս վերանշանակմամբ իշխանությանը հաջողվեց [դրական] ազդեցություն թողնել սեփական իմիջի վրա, քանի որ այդ քայլն ուղղված էր ամբողջովին հիասթավփած հասարակությանը որոշակիորեն սիրաշահելուն։ Հասարակության տրամադրվածությունն այժմ ինչպիսի՞ն է, մարդիկ վարչապետի հրաժարականը ողջունո՞ւմ են։

Բորիս Նավասարդյան ֊ Չէի ասի, որ առկա է լուրջ ոգեշնչվածություն, բայց փաստ է, որ հասարակությունը Հայաստանի նոր վարչապետի հանդեպ ակնհայտ կուտակված բարկություն չունի։ Բարկությունը, հնարավոր է, ինչ֊որ չափով թուլացել է հասարակության որոշակի հատվածի շրջանում, բայց դա չի նշանակում, որ վերաբերմունքը իշխանության հանդեպ որևէ կերպ փոխվել է։ Միգուցե, մի փոքր փոխվել են տրամադրությունները։ Հնարավոր է, որ դրանք մի որոշ ժամանակ սուր ու կտրուկ չլինեն, սակայն, ընդհանուր առմամբ, Հայաստանում իշխանությունների հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը քիչ հավանական է։

֊ Իսկ ազգային համաձայնության կառավարություն ձևավորման որևէ շանսեր կա՞ն։

Բորիս Նավասարդյան ֊ Կարծում եմ՝ «ազգային համաձայնության կառավարություն» հասկացության օգտագործումը մի մեծ փիառ քայլ է, քանի որ նախարարների կաբինետը, ի վերջո, ձևավորվելու է առավել ազդեցիկ մարդկանց նեղ շրջանակի կողմից։ Չեմ կարծում, որ լրջորեն հաշվի կնստեն լայն հասարակությանը մոտ, բայց Հայաստանում գործընթացների վրա էական ազդեցություն չունեցող անձանց կարծիքների, մոտեցումների ու հնարավոր թեկնածությունների հետ։ Հետևաբար, «ազգային համաձայնության կառավարության» ձևավորման մասին խոսելը, մեր դեպքում, ավելորդ է։

֊ Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետ լինելուց ի վեր մնացած իր սեփական քաղաքական թիմն ունի՞։

Բորիս Նավասարդյան ֊ Քաղաքական թիմ, ամենայն հավանականությամբ, չունի, բայց քանի որ Կարապետյանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել էներգետիկ ոլորտի տարբեր ընկերություններում, ապա, բնականաբար, ունի կառավարման ունակություններով մարդկանց որոշակի շրջանակ, որոնց կարող է ներգրավել թե կառավարությունում, թե՝ քաղաքական գործընթացներում։ Բացի դա, չի կարելի հաշվի չառնել այն հանգամանքը, որ Կարեն Կարապետյանն անձամբ շատ մոտ է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ Ռոբերտ Քոչարյանը, բնականաբար, ունի թեև ոչ հանրայնորեն տեսանելի, բայց բավարար ռեսուրսների տիրապետող քաղաքական մի շարք խմբեր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Էխո Կավկազա» կայքում