Home / Տեսանյութեր / Նորանշանակ նախարարը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերագործարկման հարցը

Նորանշանակ նախարարը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերագործարկման հարցը

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր ՀՀ Կառավարության շենքի դիմաց հանդիպել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանի հետ (լուսանկարում՝ աջից): Նաիրիտցիներն ամիսներ շարունակ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով վերագործարկել գործարանը։

Աշխատակիցներից Անահիտ Մանուկյանը նախարարին ներկայացրել է Սլովակիայի հայկական համայնքի ղեկավար, EU-ASIA Buisness Finance Centre հոլդինգը ղեկավարող գործարար Աշոտ Գրիգորյանի կողմից Կառավարությանն առաջարկվող «Նաիրիտի» վերագործարկման ծրագիրը, որը, աշխատակիցների խոսքով, Հայաստանի տնտեսությանը 2 միլիարդ դոլարի օգուտ է բերելու։ Ավելի վաղ գործարարը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ պատրաստ է առաջին փուլում 20 միլիոն դոլարի ներդրում անել գործարանում։

Նախարարի հետ զրույցում աշխատակիցները նաև նշել են, որ, բացի «Նաիրիտի» վերագործարկումից, Գրիգորյանը պատրաստվում է մի շարք այլ ներդրումներ անել տարբեր ոլորտներում, մասնավորապես, «Հյուսիս֊Հարավ» ավտոճանապարհի կառուցման ծրագրում, եթե Կառավարությունը համաձայնություն տա։

Մանուկյանն ասել է, որ ներդրումային ծրագրի մասին առաջին անգամ է լսում՝ նշելով, որ առաջարկվող պայմանները բավական գրավիչ են թվում․ «Դուք ինձ այնպիսի հրաշալի տեսարան նկարեցիք, որ նույնիսկ չգիտեմ՝ ինչ պատասխանել ձեզ։ Ոնց որ երեխային ասենք կոնֆետ կուզե՞ս… իհարկե կուզենք, սակայն պետք է խոսենք այդ գործարարի հետ, տեսնենք, թե ինչ պայմաններ է առաջարկում այդ ամբողջի դիմաց»,- ասել է նախարարը։

Աշխատակիցնրեը ճշտել են Մանուկյանից, թե ինչպիսին է վերջինիս վերաբերմունքը գործարանի վերագործարկման վերաբերյալ։ Նախարարը վստահեցրել է, որ իր միակ ցանկությունն է դա և ինքը պատրաստ է խնդիրը քննարկել նաև նաիրիտցիների հետ։

Նա խոստացել է առավել մանրամասն ծանոթանալ գործարար Աշոտ Գրիգորյանի առաջարկին, որից հետո գործարանի նախկին և ներկա աշխատակիցների հետ հանդիպել։

Նաիրիտցիների խոսքով՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանըտվել էր իր համաձայնությունը «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ և հանդիպում նշանակել Աշոտ Գրիգորյանի հետ, սակայն հանդիպումն այդպես էլ չէր կայացել, քանի որ վարչապետը հրաժարական էր ներկայացնել։