Սեպտեմբերի 26֊ին Ադրբեջանում տեղի կունենա 1995 թվականին քվեարկությունից հետո ուժի մեջ մտած սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ հանրաքվեն։ Տվյալ սահմանդրությունն արդեն երկու անգամ փոփոխվել է՝ 2002 և 2009 թվականներին։ Նոր հիմնական օրենքը կամրապնդի Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի իշխանությունն Ադրբեջանում։
Հանրաքվեն ներառում է 29 փոփոխություն։ Քվեարկողները պարտադիր չէ՝ այո կամ ոչ ասեն փոփոխությունների ամբողջական փաթեթին․ նրանք կարող են ընտրել, թե որ փոփոխությունները պետք է ընդունվեն, որոնք՝ մերժվեն։
Առաջարկված փոփոխություններից ամենակարևորը նախագահի լիազորությունների երկարաձգումն է մինչև 7 տարի։ Երկրի ներկայիս ղեկավարը՝ 54֊ամյա Իլհամ Ալիևը, նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2003 թվից ի վեր՝ ժառանգելով այն իր հիվանդ հորից։ Նրա պաշտոնավարման ընթացիկ ժամկետը պետք է ավարտվի 2018-ին։
Մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է ստեղծել երկու փոխնախագահի պաշտոն, որոնք նշանակվելու և հեռացվելու են նախագահի որոշմամբ։ Առաջին փոխնախագահը դառնալու է երկրի երկրորդ դեմքը, և եթե նախագահն ինչ-֊ինչ պատճառներով ի վիճակի չլինի կատարել իր պարտականությունները, հենց նրան են փոխանցվելու նախագահական լիազորությունները, այլ ոչ՝ վարչապետին, որին ընտրում է խորհրդարանը։ Միայն այն դեպքում, եթե առաջին փոխնախագահն ի վիճակի չլինի կատարել իր պարտականությունները, նախագահական լիազորությունները կանցնեն վարչապետին։
Հաջորդ փոփոխությունն առաջարկում է չեղյալ համարել նախագահի թեկնածուի նվազագույն տարիքը (ներկայումս՝ 35 տարեկան), իսկ օրենսդիր մարմնում ընդգրկվելու համար անհրաժեշտ նվազագույն 25 տարին իջեցնել մինչև 18։
Եվս մեկլ փոփոխությամբ կսահմանափակվի հավաքների ազատության իրավունքը, որը կախված կլինի «հասարակական կարգից ու բարոյականությունից»: Բացի դա, առաջարկվում է փոփոխությունը, որը թույլ կտա մարդկանց զրկել Ադրբեջանի քաղաքացիությունից՝ «օրենքին համապատասխան»։
Ադրբեջանի պաշտոնատար անձինք հանրաքվեի դրված փոփոխություններն աջակցում են՝ հենվելով կայունության ու ժողովրդավարության ամրապնդման վրա։ Մասնավորապես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովը հայտարարել է, որ հանրաքվեն «ուղղված է կայունության պաշտպանությանը», քանի որ երկիրը «զարգանում է արագ, և մարդկանց կյանքի որակը բարելավվում է»։
Վարչապետի տեղակալ Ալի Ահմեդովը, իր հերթին, կարծում է, որ փոփոխությունները կարող են բարելավել «քաղաքական համակարգն ու կառավարումը»։
Խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասգարովը հայտարարել է, որ հանրաքվեն կօգնի «ամրապնդել պետական իշխանությունն ու ապահովել մարդու իրավունքների ու ազատությունների ավելի բարձր մակարդակ»։
Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության անդամ Սիյավուշ Նովրուզովի համոզմամբ՝ նախագահական մանդատի երկարաձգումը թույլ կտա խուսափել երեք տարի անընդմեջ՝ 2018, 2019 և 2020 թվականներին ընտրություններ անցկացնելուց։
Իսկ ահա ընդդիմադիր «Ժողովրդական Ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին հանրաքվեն անվանում է «մի ընտանիքի դե ֆակտո անսահմանափակ իշխանության ու ավտորիտարիզմի սահմանադրական ամրապնդման փորձ»։
«Ներկայիս ռեժիմը, փաստորեն, գոյություն ունեցող օրենքը բավականաչափ ավտորիտար կամ միապետության հաստատման համար բարենպաստ չի համարում։ Այս իսկ պատճառով Սահմանադրությունը որոշել են փոփոխել»,֊ ասել է ընդդիմադիր «Հավասարություն» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին։
Ակնկալվում է, որ փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի նախագահ Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան, ով «Նոր Ադրբեջան» կուսակցության նախագահն է, կամ նրանց 19֊ամյա որդին՝ Հեյդարը։
2002 թվականին Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևն անցկացրեց հանրաքվե, որը հաստատեց՝ նախագահի՝ պաշտոնը զբաղեցնելու անկարողության դեպքում երկրի իշխանությունը փոխանցվում էր վարչապետին։ Շուտով ավագ Ալիևն իր որդում՝ Իլհամին, նշանակեց վարչապետ ու արագացրեց իշխանությունը նրան փոխանցելու գործընթացը։
2009-ին կրտսեր Ալիևը մեկ այլ հանրաքվե նախաձեռնեց, որով չեղյալ համարեց նախագահական ժամկետների սահմանափակ թիվն ու կրկին՝ երրորդ անգամ, նախագահ ընտրվեց 2013-ին։