Home / Հայաստան / Սարի Թաղի բնակիչները պահանջում են համաներմամբ ազատ արձակել իրենց հարազատներին

Սարի Թաղի բնակիչները պահանջում են համաներմամբ ազատ արձակել իրենց հարազատներին

Սարի թաղ երևանյան թաղամասի մի խումբ բնակիչներ՝ հիմնականում կանայք, այսօր Ազգային ժողովի դիմաց պահանջում էին համաներմամբ ազատ արձակել իրենց ձերբակալված հարազատներին։ Վերջիններս մեղադրվում են հուլիսի 19-ին Սարի թաղում տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկաններին հարվածելու մեջ։ Գործով որպես տուժող են անցնում 6 ոստիկան։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում Սարի Թաղի 9 բնակչի սպառնում է 5-10 տարի ազատազրկում։ Բախումը տեղի էր «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո, երբ ոստիկանները փակել էին դեպի Սարի Թաղի մի հատված տանող ճանապարհը։ Թաղամասի մի մասը նաև հոսանքազրկվել ու ջրազրկվել էր, ինչից էլ բողոքում էին բնակիչները։

Նարինե Ղազարյանի ամուսնուն՝ Հրաչ Բոյաջյանին, ձերբակալել են սեպտեմբերի 1-ին։ Epress.am-ի հետ զրույցում նա նշել է, որ իրենք 10 օր էր՝ ինչ ամուսնացել էին, երբ տեղի է ունեցել դեպքը։

«Այսինքն՝ ինքնապաշտպանությունը դա նշանակում է, որ 5-10 տարի դատվեն։ Այսինքն՝ պետք ա թողեին, որ իշխանությունը, ոստիկանությունն իրենց կրակեին ու ծեծեին, իսկ իրենք չպաշտպանվեին։ Էդ ամառվա շոգին ոչ ջուր կար, ոչ ճանապարհ, ոչ լույս, իրենք գնացել էին տեսնեին, թե ինչ կարելի է անել խնդիրը հարթելու համար, պարզապես անհամաձայնություն է եղել։ Մարդասպանը կարա դուրսը քայլի, իսկ ով գնացել ա իր ընտանիքը պաշտպանելու, պետք է 5-10 տարի նստի։ Մենք պահանջում ենք, որ համաներում լինի և մեր տղաներին ազատ արձակեն»,- ասել է Ղազարյանը։

saritaghprotest

Բնակիչներն ԱԺ-ի դիմաց սպասում էին, որ պատգամավորներից որևէ մեկը կմոտենա և կլսի իրենց պահանջը, սակայն ցուցարարներին միայն ոստիկանները մոտեցան և առաջարկեցին գնալ ԱԺ-ի ընդունարան՝ պահանջը ներկայացնելու համար։

Բողոքողներից Նազելի Թորոսյանը, ում որդին՝ Հարություն Թորոսյանը, նույնպես ձերբակալված է, մեզ հետ զրույցում հավաստիացրել է, որ իրենք նաև դիմել են նախագահահական, սակայն այնտեղից պատասխանել են, թե խնդիրն իրենց իրավասությունը չէ և դրանով զբաղվում են իրավապահ մարմինները։